Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամս...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, հանրային գործիչ Անի Սամսոնյանին ամիսներ շարունակ մի տղամարդ է հետապնդել, պոռնոգրաֆիկ նյութեր ուղարկել, գիշերները զանգել է և բացահայտ սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։

 «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած փաստերը արդեն հասել են ՀՀ գլխավոր դատախազություն և կարող են վերաճել միջազգային իրավական համագործակցություն պահանջող քրեական վարույթի։
 
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ մեկ ամիս առաջ Անի Սամսոնյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ նշելով, որ 2025 թվականի հուլիսից ի վեր ենթադրաբար ենթարկվում է համակարգված հետապնդման Աղջնակ Թովմասյան անունով անձի կողմից։

Դիմումատուի փոխանցմամբ՝ նույն անձը ներկայանում է տարբեր անուններով՝ «Vaxinak», «Vaxo Tovmasyan», «Vahe Avetisyan», «Vaxo Vahe»։ Ըստ Սամսոնյանի՝ իրեն հասանելի տեղեկություններով, տվյալ անձը հանդիսանում է Նիդերլանդների Թագավորության քաղաքացի։

Ենթադրյալ հետապնդողը բազմիցս այցելել է իր աշխատավայր և բնակության վայր, հետևել է իրեն հանրային տարածքներում, կատարել է բազմաթիվ հեռախոսազանգեր, այդ թվում՝ ուշ գիշերային ժամերին։ Նշվում է նաև, որ ուղարկվել են սպառնալիք պարունակող հաղորդագրություններ և պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր՝ ներառյալ բացահայտ լուսանկարներ։