
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հուլիսի 18-ին թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկություններն են իրացրել։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Ժամը 23.50-ին Արտաշատի խճուղում ձերբակալվել է Փարաքարի բնակիչ 56-ամյա մի տղամարդ, որն իր խոշոր բեռնատարով հանդերձ տեղափոխվել է վարչություն:
Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթ:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 20-ին բեռնատարի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 90 գրամից ավելի զանգվածներով երկու տարա։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, նախաքննությունը շարունակվում է:
Այս ձերբակալումից մոտ կես ժամ անց, նույն` Արտաշատի խճուղում, նույն կասկածանքով ձերբակալվել և իր վարած խոշոր բեռնատարով հանդերձ Երևանի վարչություն է տեղափոխվել նաև մայրաքաղաքի Դրոյի փողոցի բնակիչ 46-ամյա տղամարդ:
Այս դեպքով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում բեռնատարը խուզարկվել է։ Իրավապահները հայտնաբերել են 11 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված։
Հանգամանքները պարզվում են։