Ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում բանակցային ոստիկանությունն այլևս գաղափար չէ՝ այլ իրականություն։ Ուժի փոխարեն խոսքը, հարկադրանքի փոխարեն՝ համբերատար լսելու կարողությունը և արդյունավետ հաղորդակցության միջոցով վստահության ձևավորումը՝ այս սկզբունքներով են առաջնորդվում բանակցող ոստիկանները։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ «Ոստիկանության բարեփոխումների շրջանակում չորս հենասյունային ուղղություններից՝ Ոստիկանության Գվարդիայի ձևավորման գործընթացում նախատեսվեց առանձին բանակցային բաժնի գաղափարը, այսինքն՝ ստորաբաժանում, որը կզբաղվի բանակցություններով: Բանակցային ոստիկանությունը հասարակական կարգի պահպանության կոնցեպտի մեջ նոր մոտեցում է»:
Հավաքների և հանրային միջոցառումների ժամանակ շատ հաճախ իրավիճակը լարվում է և հենց այդտեղ է, որ բանակցություններ վարող ոստիկանն ընտրում է երկխոսելու տարբերակը՝ որպես զենք կիրառելով ազդեցիկ խոսք, հոգեբանական գիտելիքներ, իրավիճակի թիրախային վերլուծություն և իրավաչափ գործողություններ:
Էդգար Պետրոսյանն ընդգծում է, որ բանակցային ոստիկանության խնդիրն է ոստիկանության և միջոցառումների մասնակիցների միջև վերացնել մենք-նրանք անջրպետը, դրսևորել քաղաքացիակենտրոն մոտեցում։
Ոստիկանության համակարգում որպես առանձին ստորաբաժանում մինչ այս երբեք չի գործել բանակցային բաժինը: Էդգար Պետրոսյանի խոսքով՝ բանակցող ոստիկաններն ընտրվել են մի շարք մասնագիտական և անձնական չափորոշիչների հիման վրա. «Նրանք պետք է լինեն հոգեբանորեն սթրեսակայուն, իրավական բավարար գիտելիքներ և հաղորդակցության հմտություններ ունենան»: Հաջող բանակցությունը հիմնված է համագործակցության և փոխզիջումների վրա, ինչը թույլ է տալիս ճգնաժամային իրավիճակներում նվազեցնել լարվածությունը, ագրեսիվ դրսևորումները՝ բացառելով հարկադրանքի կիրառումը։
Բանակցային ստորաբաժանման ձևավորումը ՆԳ նախարարության բարեփոխումների կարևորագույն բաղադրիչներից է, որը հիմնված է մարդու իրավունքների պատշաճ պաշտպանության և քաղաքացիակենտրոն մոտեցումների վրա՝ հասարակության հետ փոխհարաբերություններում ամրապնդելով վստահությունն ու արդյունավետությունը։



