«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ հրապարակել էր մի շարք փաստեր, որոնք վերաբերում էին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության գործունեությանը։ Խոսքը վերաբերում էր հնարավոր խախտումներին, որոնք կարող են ունենալ ինչպես հանրային, այնպես էլ քրեաիրավական նշանակություն։
Մասնավորապես, «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին վարչության պետ Ռաֆայել Զաքարյանի հանձնարարությամբ ՊԵԿ ներսում գործող ծառայողական «WhatsApp» խմբում ցուցում է տրվել Մոսկվայից Երևան ներմուծվող ոսկյա ձուլակտորների վրա առկա նույնականացնող (սերիական) համարները չնկարելու վերաբերյալ։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից Հայաստան ներմուծվել է շուրջ 2 տոննա ոսկյա ձուլակտոր։ Սակայն այդ ձուլակտորների վրա առկա կարևոր տվյալները՝ սերիական համարները, արտադրող երկրի նշումները և քաշը, լուսանկարահանման միջոցով չեն ֆիքսվել։



