Ճապոնիայում ոսկու գինն, ըստ թրեյդերների ու սակարանների տվյալների, չորրորդ օրն անընդմեջ թարմացրել է իր պատմական առավելագույնը: Պատճառն այս ակտիվի նկատմամբ ներդրողների հետաքրքրության աճի պայմաններում համաշխարհային ֆինանսական շուկայում անկայունությունն է։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
Tanaka Kikinzoku ընկերությունը, որը երկրում թանկարժեք մետաղների խոշորագույն արտադրողներից և վաճառողներից մեկն է, 1 գրամ ոսկու մանրածախ գինը սահմանել է 9 821 իեն (72,98 դոլար): Մինչդեռ Տոկիոյի ապրանքային բորսայում ոսկու ֆյուչերսների արժեքը կազմում է շուրջ 8 880 իեն (65,99 դոլար):
Իսկ Հնդկաստանում այսօր ոսկու բորսայական գնանշումը նախորդ ցուցիչի համեմատությամբ աճել է 12%-ով և հասել պատմական առավելագույնի՝ 10 գրամի դիմաց 752,49 դոլարի:
Ինչպես հաղորդում է Mint թերթը, ոսկու ռեկորդային բարձր բորսայական գինը պայմանավորված է նրանով, որ մայիսի 3-ին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հարկադրույքը բարձրացել է 25 բազային կետով՝ մինչև 5,00-5,25 %, բացի այդ, միջազգային կանխիկ շուկայում այս թանկարժեք մետաղի արժեքը հասել է մեկ ունցիայի դիմաց մինչև 2 081,80 դոլարի: