Որպես վկա հարցաքննվել եմ Արցախի դատախազության...

Ինչպես և խոստացել էի, տեղեկացնում եմ, որ որպես վկա հարցաքննվել եմ Արցախի Հանրապետության դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ողջ տեղեկությունները և վերահաստատել պատրաստակամությունս հետագայում եւս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ։

Հասկանալով մեր հայրենիքի կյանքի կարևորագույն ժամանակահատվածին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող իրադարձությունների բուն ընթացքն ու պատճառահետևանքային կապերը բացահայտելու հանրային պահանջը՝ առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաև հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ»։