Ես արդեն ասել եմ, որ մեր ռազմավարական նպատակը Հայաստանի պետականության, ինքնիշխանության և անկախության ամրապնդումն է։ Եվ մենք շարունակելու ենք շարժվել այս ուղղությամբ։ Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, թե որն է Հայաստանի ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ, ինչ կապեր են հաստատվել Արցախի ղեկավարության հետ, ինչ աշխատանքներ են տարվում գերիներին, այդ թվում՝ Արցախի ղեկավարներին վերադարձնելու ուղղությամբ:
Փաշինյանի խոսքով, որոշակի ուժեր ԼՂ հիմնախնդիրն օգտագործել են միայն մեկ նպատակով, այն է՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետականություն տեղի ունենա. «Ինձ համար այս համոզմունքը ժամանակի ընթացքում ամրապնդվում է»,- ընդգծեց նա։
Հայաստանի վարչապետը կրկնեց, որ արդեն 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հարց չկար. «Մենք չընդունեցինք այս իրողությունը։ Սա մեր խորքային խնդիրներից է, այդ թվում՝ մեր կառավարության։ Վերոնշյալ գագաթնաժողովի արդյունքում ընդունվեց հայտարարություն, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակներում, այն է՝ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
Մենք բոլորս միշտ չէ, որ համեմատել ենք մեր օգտագործած տերմինները այն մարմինների ընկալման հետ, որոնք շրջանառության մեջ են մտցրել հենց այս տերմինները։ Արդյունքում անհաղթահարելի անջրպետ առաջացավ իրականության և մեր նպատակադրման միջև»,- պարզաբանեց Փաշինյանը։
Օհանյանն իր հերթին նշել է Արցախի դեմ հանցագործությունների համար Ադրբեջանին պատժելու և Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը, ինչպես նաև Արցախ հայերի վերադարձի համար պայմաններ ստեղծելու կարևորությունը։
Նա մեղադրեց Փաշինյանին հանրությանը մոլորեցնելու փորձի մեջ՝ հիշեցնելով, որ Արցախը միշտ եղել է, և այնտեղից հայերը վտարվել են հենց ներկայիս իշխանությունների հայտարարություններից ու գործողություններից հետո ստեղծված իրավիճակի արդյունքում։
«Իմ խնդիրն է Հայաստանի ապագան. Հայաստանի Սահմանադրությունն ինձ է վստահում Հայաստանի ապագայի պատասխանատվությունը, և ես կենտրոնացած եմ այս գործի վրա»,- սրան արձագանքեց կառավարության ղեկավարը։
Հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները լքել են Արցախը, Փաշինյանը մեկ բառով որակեց՝ երախտամոռություն:
Վերջում նա վստահեցրեց, որ ամենօրյա աշխատանք է տարվում գերիներին վերադարձնելու ուղղությամբ։