Վերջին 2-3 ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնության հետ մեր իրականացրած աշխատանքը ցույց տվեց, որ համայնքային մակարդակում այնտեղ իրավիճակը կաթվածահար է։ Այս մասին մարտի 17-ին, Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նրա խոսքով՝ ՌԴ հայ համայնքի շրջանակներում գործող այն անձինք, ովքեր ներկայացնում են Հայաստանի վարչապետ դառնալու մտադրության մասին ավելի վաղ հայտարարած մարդու շահերը (ըստ ամենայնի՝ խոսքը ռուսաստանցի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին է – խմբ.), շատ ակտիվ ու ագրեսիվ կերպով առաջ են մղում նրա շահերը՝ վախեցնելով մարդկանց և ճնշում գործադրելով նրանց վրա։
«Կոնկրետ բաներ են առաջարկում, կոնկրետ բաներ են ուզում։ Եվ սա ազդում է մեր աշխատելու կարողությունների վրա՝ էականորեն։ Մարդիկ վախեցած են։ Մարդիկ մի տեսակ սպասողական վիճակում են։ Ասում են «մի քիչ չենք ուզում գլուխներս շատ բարձրացնենք»։ Հիշենք, որ Ռուսաստանն ի վերջո յուրահատուկ երկիր է։ Եթե մեկն ընդեղ տենց աշխատանք ա տանում՝ նշանակում է, որ նրանց թույլատրվել է այդ աշխատանքը։ Չեմ ուզում ավելի շատ բան ասել»,- ասել է Սինանյանը։
Միևնույն ժամանակ, պաշտոնյան խոստովանել է, որ իրենք դեռևս չեն կարող որևէ լուրջ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա։
Նրա խոսքով՝ սփյուռքի երիտասարդության հետ տարվող աշխատանքը շատ ավելի արդյունավետ բնույթ է կրում, քան ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։
«Այն միտված է նպաստելու հայկական պետականության ամրապնդմանը», - ընդգծել է Սինանյանը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հավաստմամբ՝ սա ակնհայտ է, քանի որ երիտասարդությունը չի տառապում հայ ժողովրդի անցյալով և բարդույթներով։
Որպես օրինակ՝ Սինանյանը բերել է «Երիտասարդ դեսպան» ծրագիրը, որն ապացուցել է իր արդյունավետությունը։
«Այսօր համայնքում կան հին կառույցներ, որոնք չեն ուզում հաշտվել Հայաստանի այսօրվա իրականության հետ։ Եվ փորձում են նույնիսկ խոչընդոտել տարբեր պետական աշխատանքներին, ապա մեր երիտասարդների հետ մենք նմանատիպ խնդիր չունենք», - նշել է կառավարության ներկայացուցիչը։
Նա նշել է, որ երիտասարդների կողմից դեպի պատմական հայրենիք այցելությունները և խորհրդարանի անդամների ու կառավարության անդամների հետ հանդիպումները անմոռանալի տպավորություն են թողնում նրանց վրա։
«Հերթական նման խումբը կարծեմ այս տարի օգոստոսի վերջին է ժամանելու», - հայտնել է Սինանյանը։



