Որն է երաշխիքը, որ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ խաղա...

Երբ որ տեսնում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունները անխոցելի են, տեքստը անխոցելի է, այդ թվում պայմանագիրը, մշտապես հարց են բարձրացնում, թե ո՞րն է երաշխիքը, որ այս ամեն ինչը կպահվի կամ երաշխիքը, որ խաղաղությունը կշարունակվի, որ ենթակառուցվածքները կբացվեն և այլն։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Երաշխիք ասելով մեր ենթագիտակցության մեջ մշտապես նկատի է առնվել որևէ երրորդ կողմի, շատ ուժեղ կողմի, կամ մեծ տերությունների ստորագրությունը կամ բանավոր երաշխիքը կամ որևէ ներկայություն գետնի վրա։ Ես պետք է ասեմ, որ և մեր օրինակը, և բազմաթիվ այլ օրինակներ, ցույց են տվել, որ այս կարգի երաշխիքները չեն գործել։ Մենք, ցավոք սրտի, գիտենք դա մեր օրինակից։

Մեր դեպքում պատասխանելով հարցին, թե ո՞րն է այնուամենայնիվ երաշխիքը, որ կպահվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, կսկսեն գործել պայմանավորվածությունները, հետևյալն է. բոլոր պայմանավորվածությունները, որը մենք ձեռք ենք բերել, և գրել ենք, ստորագրել ենք, այդ բոլոր պայմանավորվածությունները համարում եմ փոխշահավետ։ Այս փոխշահավետությունն է, որ ապահովելու է պայմանավորվածությունների հետագա ընթացքը, կենսագործումը և հարատևությունը։

Կա մի այլ մանիպուլյացիա, որ Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, Հայաստանը ստացավ ոչինչ կամ հանձնեց ամեն ինչ։ Չեմ էլ ուզում ասել մենք ինչ ստացանք, որովհետև ես չեմ չեմ ուզում ներկայացնել ձեռք բերված պայմանավորվածությունները «մենք շատ ստացանք, իրենք շատ ստացան»  սին, անիմաստ և հին կոնֆլիկտային տրամաբանության լույսի ներքո։

Բայց ուզում եմ ասել հետևյալը, որ այն, ինչ որ մենք ստացել ենք, մեզ շահավետ է, մեզ ձեռնտու է, մենք շահագրգռված ենք այդ ձեռք բերածը պահելու և զարգացնելու ուղղությամբ։ Բացարձակապես, այստեղ ոչ մի երկրորդ կարծիք նույնիսկ անկեղծ կարծիք լինել չի կարող։ Այն, ինչ որ ստացավ Ադրբեջանը, կրկին թվում է, թե շատ ձեռնտու և շատ կարևոր է իրենց համար։ Վստահ եմ, եթե երկու երկրները համարում են, որ իրենց ձեռնտու է և շահավետ են ձեռք բերված պայմանավորվածությունները, երկուսն էլ շահագրգռված են լինելու պահել դրանք և զարգացնել։

Իհարկե, հավելյալ արժեք կարող ենք դիտարկել նաև Միացյալ Նահանգների, նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությունը, միջավայրը, որտեղ տեղի ունեցավ այս համաձայնությունների ամրագրումը»,–ասաց Միրզոյանը։