Որևէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքն...

Որևէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարությունն արել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` մեկնաբանելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ հանդիպման արդյունքները։
 Նրա խոսքով` Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ բանակցությունները տևել են 9 ժամ։

«Սկզբունքորեն տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, կա երկու-երեք անհամապատասխանություն, որոնք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն։ Սկզբունքային պահն այն է, թե աշխարհագրորեն որ մասով է անցնելու երկաթգիծը։ Մենք դա հնչեցրել ենք, պայմանավորվել ենք, թե ինչպես է իրականացվելու բեռների մաքսային հսկողությունը», - ասել է Օվերչուկը։
 Ըստ ՌԴ փոխվարչապետի` դա լինելու է սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։ Նա ընդգծել է` ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում, բոլոր կողմերը տրամադրված են, որ հնարավորինս շուտ գործարկվեն աշխատանքները:
 Ճշտող հարցին, թե արդյոք քննարկվել է ՌԴ ԱԴԾ աշխատակիցների հնարավոր մասնակցության հարցը` վերահսկողության, անվտանգության ապահովման առումով, Օվերչուկը պատասխանել է` դա կախված է Հայաստանի Հանրապետությունից: