Որևէ խնդիր չեմ տեսնում. Էրդողանն անդրադարձել...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայից Անկարա վերադառնալիս ինքնաթիռում զրուցել է իրեն ուղեկցող լրագրողների հետ: Բազմաթիվ այլ հարցերի շարքում նա պատասխանել է նաև ՀՀ վարչապետի հետ հանդիպման և «Զանգեզուրի միջանցքի» թեմային վերաբերող հարցերին

Լրագրողները նշել են, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում դեռ առկա խնդիրներ կան, այս կապակցությամբ Պրահայում  քննարկում եղե՞լ է:

Ի պատասխան, Էրդողանն ասել է, որ այնտեղ նեղ կազմով հանդիպում են ունեցել, որին մասնակցել են Փաշինյանը, Ալիևը, Հունգարիայի վարչապետ Օրբանը:

«Դրանից հետո էլ, իհարկե, պատվիրակություններով հանդիպեցինք և, բնականաբար, քննարկեցինք այս հարցերը։ Բայց ես «Զանգեզուրի միջանցքի» հարցում որևէ խնդիր չեմ տեսնում, ամեն ինչ պարզ է»,-ասել է Էրդողանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Պրահայում  հոկտեմբերի 7-ին հանդիպել էին Նիկոլ Փաշինյանն ու Թայիփ Էրդողանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում հարցեր,  երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները: