Չկա հրապարակ, որ կտեղավորի եկեղեցու աջակիցներ...

Նիկոլ Փաշինայնին ուզում եմ ասել` իսկապես, չեմ պատրաստվում իր այդ բառապաշարով անդրադառնալ գրառումներին ու մտքերին, որ շատ ուզենամ էլ` չեմ կարող, Դուք անմրցելի եք այդտեղ` հատակն անընդհատ ծակելու մրցույթում: Այս մասին ԱԺ-ում իր ելույթին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Ըստ պատգամավորի՝ այս ամենը նաև իրականացվում է վախի ուղերձ փոխանցելու համար: «Նիկոլ Փաշինյանը մեզ ասում է՝ եթե ես աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկի նկատմամբ, ուղղակի եկեղեցին պաշտպանելու իր հայտարարության համար կարող եմ իրականացնել նման ապօրինություն, դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ կպատահի ձեզ հետ, եթե դուք համարձակվեք քննադատել մեզ, համաձայն չլինել մեզ հետ: Այս վախի ուղերձն է փոխանցվում մեզ»,- ասաց նա:

Ապա պատգամավորը հարց ուղղեց՝ օրինակ՝ ի՞նչ կարող եք անել, որ չեք արել: «ՊՊԾ կարող եք կանչել այստեղ` մեզ տանե՞ն, արել եք, բանտեր կարող եք նստեցնե՞լ, արել եք շատերի նկատմամբ: Սրբուհի Գալյանն ո՞ւր է, Սրբուհի Գալյան՝ բանտում քանի՞ ազատ տեղ կա՝ հազար երկու հարյո՞ւր, բոլորին չեք կարողանալու տեղավորել:

Ես դիմում եմ գործարարներին, իմ դիացը նստած մեծահարուստներին՝ վախենալու իմաստը ո՞րն է, դուք կարողանալո՞ւ եք ձեր ունեցվածքը պաշտպանել, ո՞ւր կորան Արևմտյան Հայաստանի մեծահարուստները, ի՞նչ եղավ նրանց հետ, գերազման չունեն անգամ, ուրեմն ինչի՞ց եք վախենում: Ասում եք՝ իբր եկեղեցու դեմ այս ամենն անում եք, քանի որ երդումներ են խախտել, ես ուզում եմ հարցնել՝ Ձեր տված խոստում ու երդում կա՞, որ պահել եք, հայ ժողովրդին տրված, ոչ թե Ալիևին»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ եթե նույնիսկ բոլոր սրբազանները խախտած լինեն կուսակրոնության ուխտը, դա ոչինչ է այն հանցանքների առջև, որը Փաշինյանն ու իր թիմն իրականացրել են: «Մեր ո՞ր մի խնդիրն է կուսակրոնության ուխտի խախտման հետևանք, ուրեմն ինչի՞ եք արհեստականորեն օրակարգ բերել, որ այս հարցերին չպատասխանեք: Մեր Եկեղեցին պետք է իմանա, հիմա ունի ավելի շատ աջակցիներ, քան երբևէ երևի ունեցել է: Այդ աջակիցների թիվը, հրապարակ չկա Հայաստանում, որ կտեղավորի, ու դա է հանրային տրամադրությունը, որովհետև դուք ում հարվածում ու թիրախավորում եք, իր շուրջ մոբիլիզացիա եք ստեղծում»,- ասաց նա:

Վարդանյանն իր խոսքն ամփոփեց հետևյալ կերպ. «Որևէ բան ազգայնացվելուց առաջ, նախ ՀՀ կառավարությունը պետք է ազգայանցվի»: