Ո՞ր կենդանիներն են ներառված ՀՀ կենդանիների Կա...

Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է ՀՀ Կառավարության  2010թ. հունվարի 29-ի թիվ 71-Ն որոշմամբ: Այստեղ ներառված կենդանիների տեսակներին տրվել են հետևյալ կատեգորիաները.

  1. անհետացած տեսակ (EX),
  2. տարածաշրջանում անհետացած տեսակ(RE),
  3. կրիտիկական վիճակում գտնվող տեսակ (CR),
  4. վտանգված տեսակ (EN),
  5. խոցելի տեսակ (VU),
  6. տվյալների անբավարարություն (DD):

Գրքում ընդգրկված են 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, այդ թվում՝ ոսկրային ձկների 7 տեսակ, երկկենցաղների 2 տեսակ, սողունների 19 տեսակ, թռչունների 96 տեսակ և կաթնասունների 29 տեսակ: 

Առաջին անգամ ընդգրկվել են նաև 155 տեսակի անողնաշար կենդանիներ, այդ թվում՝ 139 տեսակի միջատներ և 16 տեսակի փորոտանիներ: 

Կարմիր գրքի կազմման համար հիմք են հանդիսացել 2007-2009թթ. ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի Ամերիկյան համլսարանի մասնագետների ուսումնասիրությունների արդյունքները: Այս կառույցները ընդգրկված են եղել ՀՀ Կարմիր գրքի պետական հանձնաժողովում:

Մենք հասարակական լայն շրջանակներին Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահպանության, վերարտադրության կարևորության մասին իրազեկելու համար, շարունակաբար կներկայացնենք այդ տեսակների վերաբերյալ տեղեկատվություն:

Կներկայացնենք նաև այս տեսակների ոչնչացման համար վարչական և քրեական պատասխանատվության ենթարկելու համապատասխան օրենսդրական դաշտը: 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակները, նրանց բնակատեղերը, ձվադրման վայրերը և ձվերը, միգրացիոն ուղիները, բները և այլ շինվածքները ոչնչացնելը կամ այլ գործողություններ կատարելը, որոնք կարող են առաջացնել կամ առաջացրել են այդպիսի կենդանիների անկում, թվակազմի կրճատում կամ բնակության միգրացիայի խախտում. կամ էլ բացառիկ դեպքերում թույլատրված որսի պայմանների խախտմամբ դրանք որսալը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման:

Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների ոչնչացման համար «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի համաձայն, սահմանված են հետևյալ վնասի հատուցման սակագները ( ընդ որում, եթե վնասի չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը՝ 200 000 դրամը, ապա անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության):

«ՀՀ քրեական օրենսգրքի»  294.հոդվածի համաձայն՝

 
  1. Ապօրինի որսը, որը`

1) պատճառել է խոշոր վնաս,

2) կատարվել է վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ և այլն) և ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով, պայթուցիկ նյութերի, գազերի, էլեկտրական հոսանքի օգտագործմամբ կամ վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով կամ որսի իրականացման արգելված այլ ձևերով, միջոցներով և գործիքներով,

3) կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է,

4) կատարվել է որսի իրականացման այլ սահմանափակումների խախտմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:

  1. Նույն արարքները, որոնք կատարվել են`

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

(294-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն, 04.02.10 ՀՕ-19-Ն, 05.02.13 ՀՕ-3-Ն օրենքներ)

 

  • կաթնասուններ՝

 

  • ընձառյուծ (կովկասյան ընձառյուծ կամ հովազ) - 100 000 000 դրամ
  • բեզոարյան այծ – 3 000 000 դրամ
  • հայկական մուֆլոն (վայրի ոչխար) - 3 000 000 դրամ
  • կովկասյան ազնվացեղ եղջերու կամ մարալ - 3 000 000 դրամ
  • զոլավոր բորենի – 1 000 000 դրամ
  • մանուլ – 500 000 դրամ
  • անտառակատու – 200 000 դրամ
  • ջրասամույր - 500 000 դրամ
  • գորշ արջ – 1 000 000 դրամ
  • խայտաքիս – 100 000 դրամ
  • հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ – 50 000 դրամ
  • պայտաքիթ չղջիկ – 25 000 դրամ
  • լայնականջ ոզնի - 25 000 դրամ և այլն:

 

 

  • թռչուններ՝ 

 

  • կրկնակտցար (дупель) - 100 000 դրամ
  • կտցար-կաչաղակ – 20 000 դրամ
  • մեծ իլիկակտցար - 100 000 դրամ
  • մեծ արորիկ - 100 000 դրամ 
  • ոտնացուպիկ – 25 000 դրամ
  • հայկական որոր – 50 000 դրամ
  • դռլոն – 50 000 դրամ
  • հավալուսն - 200 000 դրամ
  • տարգալակտուց – 200 000 դրամ
  • մարմարյա մրտիմն  – 100 000 դրամ
  • կարմրախածի սագ – 100 000 դրամ
  • սպիտակագլուխ բադ կամ սավկա – 100 000 դրամ
  • գիշանգղ - 400 000 դրամ
  • սև անգղ  - 400 000 դրամ 
  • մկնաճուռակ –  250 000 դրամ
  • սպիտակապոչ արծիվ – 250 000 դրամ
  • սապսան – 500 000 դրամ
  • բալոբան – 250 000 դրամ
  • մոխրագույն կռունկ – 300 000 դրամ 
  • սև արագիլ – 100 000դրամ
  • կարապներ – 200 000 դրամ
  • մոխրագույն սագ – 100 000դրամ
  •  քաջահավ – 75 000 դրամ
  • մեծ ձկնկուլ  – 75 000 դրամ
  • փոքր ձկնկուլ  – 100 000 դրամ
  • վայրի հնդկահավ (ուլար) – 250 000 դրամ
  • կովկասյան մարեհավ – 300 000 դրամ
  • գեղանի կռունկ – 100 000 դրամ
  • մարգահավ – 100 000 դրամ
  • արոսներ (մեծ, փոքր) – 250 000 դրամ