
Էդ ինչի՞ց եք տենց հրճվում, գիտեք՝ բարոյական հարցեր կան․ ամեն ինչն, ի վերջո, որ սկիզբ ունի, ունի նաև ավարտ, իշխանությունն էլ, և այս ամենը պատմություն է դառնալու։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Երկու ամիս է՝ չեք կարողանում բեռնատարի վարորդների հարցը լուծեք։ Ինձ մոտ դեժավյու է. Արցախի իրադարձություններն եմ հիշում, էլի ժպտում, ուրախանում էիք, տառապանք, ապրումակցում չենք զգում ձեր կողմից, նույնը Կիրանցի իրադարձությունների ժամանակ։ Ուշքի եկեք։ Պետք չէ ղեկավարին այդքան քծնել․ վաղը, մյուս օրը, եթե Նիկոլ Փաշինյանը մոլի կրոնական դառնա, սաղդ կսկսեք խաչակնքվել ու եկեղեցուց տուն չեք գնա։ Խոսում եք եկեղեցիների չուլանացման մասին, ձեր պատասխանատվության տիրույթում ինչքա՞ն եկեղեցիներ կան, որ անբարեկարգ վիճակում են։ Պարոն Փաշինյան՝ Ալիևին հարց չեք տալի՞ս, օրինակ՝ 300 եկեղեցիներն ինչի՞ եք քանդում, ավերում։ Օրինակ՝ Բերձորի եկեղեցին քանդում, ավերում են»,- նշեց նա։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը և դրան հետևած իրադարձություններին՝ Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Էդ մարդն իր խոսքում ընդամենը իր սատարումն է հայտնել հայ առաքելական եկեղեցուն։ Նույնը ես եմ ասում․ պարոն Փաշինյան, հուսով եմ՝ sms չեք գրում, չէ՞, որ իմ հետևից էլ գան։ Էդ մարդու խոսելուց հետո ստեղից sms-ն գնում է ու չի անցնում մի քանի րոպե՝ այդ մարդը քրեակատարողական հիմնարկում է։ Ուժեղ արդարադատություն է, միջազգային ստանդարտներին էլ համապատասխանում է ու համապատասխանում։ Հո դատախազություն չէ՜, հո ոստիկանություն չէ՜։ Ո՞ւր է ԱԱԾ պետը, չկա ԱԱԾ պետը, որովհետև շոու չի արել, չի տապալել, ասֆալտ լիզել չի տվել։ Դա՞ է ձեր արդարադատությունը»։