Ո՞ր դատավորին կմակագրվի Վահան Քերոբյանի մասով...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրոջ ու այլ անձանց մասով գործը երեկ մուտք արվեց Հակակոռուպցիոն դատարան, ու բոլորը, շունչները պահած, սպասում են, թե որ դատավորին այն կմակագրվի։

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա տեւական ժամանակ կալանքի տակ էր ու վերջերս ազատ արձակվեց։ Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայություն ձեռք բերելու մրցույթի ընթացքում՝ կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։ Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ՝ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ՝ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով ընկերությանը հեռացնել մրցույթից: Սույն քրեական գործով մեղադրյալ էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որը խոստովանեց, որ հանցանք է գործել, ու գործուն զղջալու հիմքով՝ նրա եւ եւս մի քանի անձի մասով գործը կարճվեց, իսկ ահա հայտնի հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ նախկին նախարար Վահան Քերոբյանը դեռ կռիվ կտան դատարանում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։