Ո՞ւմ եք էշի տեղ դնում․ Սերժ Սարգսյանի թիմի ֆո...

Հունիսի 27-ին Միքայել սրբազանի շուրջ տեղի ունեցող զարգացումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմը որևէ նպատակ չունեն հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, եթե իշխանության եկողները իրենք չեն։

Երբ ոստիկաններն ու ԱԱԾ-ականները չկարողացան բերման ենթարկել սրբազանին, քանի որ կար հանրային դիմադրություն և հետ քաշվեցին, քաղաքական դաշտին Էդմոն Մարուքյանը արեց առաջարկ, որը կարող էր հետաքրքիր զարգացումների առիթ տալ․«Քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։ Ստորև ներկայացված են քննարկման արդյունքները․

Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում», – գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում։

Կարճ ժամանակ անց հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» խմբակցությունը, որտեղ ասվում էր․ «Հաշվի առնելով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և Միքայել սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաև այն փաստը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահության գործընթաց նախաձեռնելու մասին, «Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 պատգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»։

Այս հայտարարություններից հետո սպասվում էր, որ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» խմբակցությունը առանց որևէ վարանման կհայտարարի, որ միանում է գործընթացին։ Սակայն ժամեր շարունակ Սերժ Սարգսյանի թիմը լռում էր։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը Սրբազան Աջապահյանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթացին միանալու հայտարարություն արեց միայն այն բանից հետո, երբ փաստաբան Արա Զոհրաբյանը հրապարակեց սրբազանի հայտարարությունը, որով վերջինս հրաժարվում էր թեկնածու լինելուց։

Այս ամենից հետո Սերժ Սարգսյանի քարոզչական թիմը հայտարարում է, թե իբր իրենք անմիջապես միացել են գործընթացին, այնինչ ամեն բան ֆիքսված է։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարությունը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում հունիսի 27-ին՝ ժամը 21:29-ին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը իրենց գործընթացին «միանալու» հայտարարությունը հրապարակել է 21:36-ին։ Այսինքն՝ առնվազն յոթ րոպե ուշ։

Այս ամենը տեսնելով՝ ուզում ես հարց տալ Սերժ Սարգսյանի թիմին՝ ո՞ւմ են էշի տեղ դնում։ Ժողովրդի՞ն, քաղաքական դաշտի՞ն, թե՞ իրենք իրենց։