Վոլոդինը զուգահեռ է անցկացրել Երևանի և Կիևի մ...

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը զուգահեռ է անցկացրել Երևանի քաղաքական կուրսի և Ուկրաինայում իրադարձությունների սկզբի միջև՝ կապված Հաղթանակի տոնի նախաշեմին Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման հետ։ Այս մասին գրել է Վյաչեսլավ Վոլոդինը «Մաքս» հարթակի իր ալիքում։

Վոլոդինը հիշեցրել է, որ Հաղթանակի տոնին ընդառաջ Երևանում տեղի է ունեցել գագաթնաժողով, որին հավաքվել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հյուրերը, որին հաջորդել են ժամանածների, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու ելույթներն ու հայտարարությունները։

«Այսօր բոլորի համար ակնհայտ է դարձել հարցը. ինչպե՞ս են զարգանալու հարաբերությունները Փաշինյանի նման քայլերից հետո։ Մեր պետություններն ավելի մոտ կլինե՞ն, թե՞ ավելի հեռու։ Լարվածությունը հարաբերություններում կպակասի՞, թե՞ կշատանա։ Ամենայն հավանականությամբ՝ երկրորդը։ Ակամա զուգահեռ է առաջանում. հենց այսպես էր ամեն ինչ սկսվում Ուկրաինայում։ Պե՞տք է սա Հայաստանի սովորական քաղաքացիներին»,- գրել է Վոլոդինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը հայ ժողովրդի հետ ունի ամենամտերիմ ու լավ հարաբերություններից մեկը. ՌԴ տարածքում բնակվող հայերի թիվը գրեթե հավասար է Հայաստանում բնակվողների թվին, և Ռուսաստանում հայերն իրենց իրացնում են մյուս ազգությունների հետ հավասար՝ զբաղեցնում են պաշտոններ, ընտրվում պատգամավորներ՝ օգնելով Հայաստանում գտնվող իրենց հարազատներին ու մտերիմներին։

«Կանխատեսում եմ, որ կսկսվեն այնպիսի հայտարարություններ, թե՝ «Մենք ինքնիշխան պետություն ենք, ինչ ուզում ենք, անում ենք»։ Ոչ ոք չի խոսում ինքնիշխանության և միջամտության մասին։ Խոսքը բարոյականության և պարկեշտության մասին է։ Դրանք կա՛մ կան, կա՛մ չկան։ Կարելի է բարձր պաշտոններ զբաղեցնել, բայց դա չի նշանակում, որ մարդն օժտված է այդ որակներով», — հավելել է Պետդումայի նախագահը։