Վոլգոգրադի մարզի երկաթուղային կայարանում ուկր...

Օգոստոսի 4-ի գիշերը Վոլգոգրադի մարզում մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ գնացքների երթևեկություն է խաթարվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետևանքով, հայտնել է Մերձվոլգյան երկաթուղու մամուլի ծառայությունը։ Ֆրոլովո քաղաքի Արչեդա կայարանի մոտ «ԱԹՍ-ի բեկորներ են ընկել»,- պարզաբանել են երկաթուղու մամուլի ծառայությունում։ Դրա պատճառով ուշացել է առնվազն հինգ գնացք՝ Մոսկվա-Վոլգոգրադ, Վոլգոգրադ-Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգ-Վոլգոգրադ, Սարատով-Իմերետինսկի Կուրորտ և Ալեքսիկովոյից Արչեդա մեկնող մերձքաղաքային գնացքը: «Առավելագույն ուշացումը կազմում է 1,5 ժամ։ Հետևանքների վերացման աշխատանքների համակարգման համար Մերձվոլգյան երկաթուղում օպերատիվ շտաբ է գործում»,- նշել են Ռուսական երկաթուղիների ստորաբաժանումից։

Հարձակման հետևանքով կայարանի տարածքում հրդեհ է բռնկվել, հայտնել է Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Նրա խոսքով՝ Արչեդայում «տեխնիկական շենք» է այրվել, նաև կոտրվել են մոտակա երկու բնակելի շենքերի ապակիները։ Կայարանի տարածքում գնացքների երթևեկությունը սահմանափակվել է ռելսերի վրա ընկած անօդաչու թռչող սարքի պատճառով, որը չի պայթել և որի հետ սակրավորներ են աշխատում։ Ընդ որում, «երկաթուղային կայարանի ուղևորային ենթակառուցվածքները չեն տուժել», հայտնել է մարզի ղեկավարը։

Իլովլինսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու պատճառով վնասվել է բարձրավոլտ լարը, իսկ Իլովլյայում և մոտակա գյուղերում անջատվել է էլեկտրաէներգիան, հայտնել է նահանգապետը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում «տրանսպորտային և էներգետիկ օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակումը» հետ մղելու արդյունքում ոչ ոք չի տուժել։

Shot-ը, վկայակոչելով ականատեսներին՝ գրում է, որ Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) մարզի վրա հարձակվել են «Лютый» անօդաչու սարքերով։ Միխայլովկա և Ֆրոլովո քաղաքների բնակիչներ յոթ պայթյունի ձայն են լսել։ Կարևոր երկաթուղային հանգույց հանդիսացող Արչեդա կայարանում խոցվել է դիսպետչերականի շենքը, հայտնում է ուկրաինական Exilenova+ ռեսուրսը։ Ալիքի հաշվարկներով՝ սա ռուսական երկաթուղային օբյեկտների վրա 11-րդ կամ 12-րդ հարձակումն է։

Առավոտյան ժամը երեքի սահմաններում Ռոսավիացիան Վոլգոգրադի և Տամբովի օդանավակայաններում գործարկել է «Կովյոր» (Գորգ) պլանը։ Սահմանափակումները տևել են երեք ժամ։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում Վոլգոգրադի մարզում ուկրաինական ութ անօդաչու թռչող սարք է խոցվել։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջաններում որսացել են 61 ԱԹՍ։