Երեկ լրացավ Իրաքում եզդիների նկատմամբ Թուրքիայի աջակցությունը վայելող Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ցեղասպանության 8-րդ տարելիցը։
Հայաստանում ևս հիշեցին եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Հայտարարություններ տարածեցին նաև քաղաքական միավորներ։
«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն իր հայտարարության մեջ ասել էր․ «Այս տխուր օրն անձամբ իմ և «Հայրենիք» կուսակցության անունից ցանկանում եմ վշտակցությունս և աջակցությունս հայտնել եզդի ժողովրդին՝ վստահաբար հավատալով, որ բազմաթիվ արհավիրքների միջով անցած այս հնամյա ժողովուրդը վերածնվելու է՝ վերածնվելու է նաև գալիք հզոր և անվտանգ Հայաստանում, քանի որ հենց մեր ընդհանուր Հայրենիքի համար պայքարում են հայաստանաբնակ եզդիներն անցել անմնացորդ նվիրման և զոհողությունների հայ-եզդիական անխախտ եղբայրության միասնական ուղով»։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ևս հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր․ «Օգոստոսի 3-ին ողջ աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գազանաբար սպանված հազարավոր եզդիների հիշատակին: Հայաստանաբնակ եզդի մեր քույրերի եւ եղբայրների հետ հիշատակում ենք մարդկային մեծագույն այդ ողբերգության 8-րդ տարելիցը: 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության օրերին նույն ճակատագրին արժանացած եզդի ժողովուրդը ենթարկվեց բազում զրկանքների ու փորձությունների, բայց կարողացավ համառորեն պահպանել իր ինքնությունն ու մշակույթը: Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներ շարունակ բարեկեցիկ կյանքով, պաշտպանված կրթական, մշակութային համակարգով եզդի մեծաթիվ համայնքը չէր կարող անտարբեր մնալ իր ազգակիցների նկատմամբ գործադրված նոր ոճրագործության հանդեպ: Վերքերը դեռ չեն սպիացել, վտանգը չի վերացել: Տակավին հարկ է դրսևորել կամք, վճռականություն, միասնականություն՝ ազգային ինքնության պահպանման ու վերընձյուղման համար»։
Զարմանալի է, որ եզդիների նկատմամաբ իրականացված ցեղասպանության մասին ոչ մի բառ չասեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր ղեկավարած Քաղաքացիական Պայամանագիր կուսակցությունը։ Խոսել էր միայն եզդի ներկայացող ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Իսկ իրականում երկրի ղեկավարը և իշխող թիմը պարտավոր էին պաշտոնական մակարդակում խոսել այդ օրվա մասին, քանի որ Հայաստանը այն քիչ երկրներից է, որ պաշտոնապես ճանաչել է եզդիների ցեղասպանությունը և այստեղ մեծ եզդիական համայնք կա։
Չնայած իշխանության այս վարքագծին, եզդիները վստահաբար նեղվելու պատճառ չպետք է ունենան, քանի որ խոսքը գնում է մի մարդու և թիմի մասին, որն անգամ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին չի անդրադառնում, էլ ուր մնաց Իրաքի եզդիներին հիշի։



