Վլադիմիր Վարդանյանը ՍԴ է գնում. նա նախագահութ...

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի մարտի 18-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առաջարկով իր թեկնածությունն առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

«Հնարավոր շահերի բախումից խուսափելու համար անհրաժեշտ եմ համարում պասիվ վարքագիծ դրսևորել՝ հետագայում խնդիրներ չառաջացնելու համար ոչ ԱԺ գործընկերների, ոչ էլ Սահմանադրական դատարանի հավանական գործընկերների համար», - ասել է Վարդանյանը։

Նա առաջարկել է հանձնաժողովի նախագահությունը փոխանցել հանձնաժողովի նախագահի տեղակալ, իշխող խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին:

Վարդանյանն ընդգծել է, որ 24/7 ռեժիմով իրականացվող ամենօրյա աշխատանքի ընթացքում մշտապես զգացել է գործընկերների աջակցությունը:

«Այժմ իմ ապագա գործունեությանը վերաբերող ամեն ինչ կախված է Ազգային ժողովի որոշումից», - ընդգծել է հանձնաժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին համատեղ աշխատանքի համար։