Վիճակը շատ վատ է, բերքի մոտ 80 %-ը վնասվել է....

«Վիճակը շատ վատ է... արդեն 3-րդ օրն է, ինչ անցել է կարկուտից, մարդիկ անգամ դաշտ չեն կարողանում մտնել, վնասված բերքի սկսում է փչանալ, և տհաճ հոտ է տարածվում: Եթե ուզենանք վերամշակման նպատակով բերքը հանձնենք, երևի այդպես էլ ոչ ոք չվերցնի»,- Politik.am-ի հետ զրույցում Արմավիր մարզում տեղած ուժգին կարկուտի հետևանքների մասին ասաց Այգեվան համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանը: 

«Կարկուտի օրը ոչ աշխատանքային օր էր` շաբաթ, ժողովրդի հետ գնացել ենք մարզպետարան, զանգել գյուղվարչության պետին, այցելել են համայնք, ուսումնասիրություններ արել: 

Քիչ առաջ էլ մարզպետարանից դուրս եկա, գյուղնախարարության կողմից նշանակված հանձնաժողով պետք է կազմեն, որոնց անդամները ամեն համայնքում պետք է վնասի չափը գնահատեն, այնուհետև ստացված տվյալները փոխհատուցման համար կառավարություն ներկայացնեն»,- ասաց Հրաչյա Հովհաննիսյանը: 

Փոխհատուցման չափի հետ կապված համայնքապետը առանձնապես մեծ ակնկալիքներ չունի: Ասում է` Կառավարության կողմից այդ ինչ փոխհատուցում պետք է լինի, որ բնակիչները կարողանան և ապրեն, և իրենց վարկերը մարեն.

«Մարդիկ բերքի մշակման համար 1-2 միլիոն ծախս էին արել, վարկ վերցրել, ոսկի գրավադրել, նպատակով, որ պետք է մոտ 5 մլն գումար ստանան, դրանով իրենց ծախսերն անեն և վարկերը մարեն: Այսօր այդ 5 մլն չկա` հավասարավեց զրոյի»: 

Համայնքապետը հայտնեց` կարկուտից տուժել է բնակչության մեծամասնությունը: Եղած 470 հեկտար հողատարածքից 300 հեկտարը վնասվել է: Արմավիրի մարզի մյուս համայնքերի համաեմատությամբ, թերևս ամենամեծ վնասը կրել է հենց Այգեվանը: 

«Մյուս գյուղերում հողերը նույնպես տուժել են, բայց ոչ մեծամասնությունը, եթե այնտեղ վնասը կազմում է 30 %, մեզ մոտ 70-80 % է»,- հայտնեց համայնքի ղեկավարը: