
Կոյուղիների խնդիրներով պայմանավորված հետեւանքների հետ կապված ինֆորմացիայի խեղաթյուրում կա. ես վստահ եմ, որ դա հատուկ է արվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 9–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Իրականում, ցավոք սրտի, դա Երևանի քաղաքապետարանի պատասխանատվության տիրույթը չէ։ Պետական գույք է դա, ենթադրում եմ՝ մի մասն էլ հանձնված չէ «Վեոլա ջրին», և ստացվում է այնպես, որ մենք ունենք քաղաքում մի ենթակառուցվածք, որը ուղիղ մեր ենթակայության տակ չի, աննկարագրելի չափով մաշված է, և շատ լավ է, որ այս տարի կառավարությունը արդեն որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում։
Կարծում եմ՝ դա մեկանգամյա ծրագիր չպետք է լինի։ Հստակ պետք է այդ ձևաչափը ֆիքսենք, ու՞մ պատասխանատվությունն է, եթե մեր պատասխանատվություն է, եկեք օրենքով ֆիքսենք դա, տեղափոխենք մեր դաշտ, մենք իմանանք, որ սա մեր անելիքն է, սկսենք պլանավորել այդպես։
Լավ, երկու տարի մենք 14-15 կիլոմետր կոյուղի վերականգնեցինք, ո՞նց ենք հիմնավորում, որ անում ենք դա, հիմա պետք է դա կառավարությանը նվեր տանք, չէ՞, նվիրատվություն ձևակերպենք, որովհետև մեր գույքը չի, պետական գույք է։
Խնդրում եմ եկեք այդ ձևաչափը հասկանանք, ամեն մեկը իր պատասխանատվության շրջանակը հստակ ֆիքսի։ Եթե Ջրային կոմիտեն է, խնդրեմ, ջրային կոմիտեին թող ֆինանսավորումը հատկացնեն։ Եթե մենք ենք, եկեք հասկանանք ֆինանսավորման հարցը ոնց ենք լուծում, թեկուզ մենք պլանավորենք, բայց իմանանք, որ մենք ենք տերը, մենք ենք պատասխանատվություն կրում դրա համար։
Բայց հիմա կա պետական գույք, որը փաստացի, ենթադրաբար, ջրային կոմիտեի բալանսում է, ինքը այդպես տեր չունի, օդում կախված է։ 400 վթար մի շաբաթվա ընթացքում։ Մեկ-երկու լրագրող հատուկ հենց դրա վրա ֆիքսված են՝ ենթադրաբար այլ նպատակներով, որ ասեն՝ տեսեք, տեսեք քաղաքապետարանի խնդիրն է։ Մինչդեռ քաղաքապետարանի խնդիրը չի, քաղաքապետարանը լուծում է ոչ իր խնդիրը։
Եկեք հասկանանք, լավ, ովքե՞ր են այդ մարդիկ, ով է այդ պատասխանատու օղակը, ասենք՝ պատասխանատու օղակ, սա քո գործն է, գնա, արա։ Լավ, մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, քաղաքապետարանը այս, քաղաքապետարանը այն, վերջը ասելու ենք՝ մենք չենք, ժողովուրդ ջան, այս մարդն է, այս չինովնիկն է, նստած է, իրեն այդպես էշի տեղ ա դրել, ասում ա՝ դե քանի քաղաքապետարանին տեղադրում են, լավ է էլի, մարաղը մտած սենց, ինքը չի երևում, է հետո՞»։