Վերջին մեկ տարվա ընթացքում որևէ դրական փոփոխո...

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ ապրլի 23-ին, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում կատարվածի, զարգացումների ու անկումների մասին Politik.am-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանի հետ:

«Իրականում որևէ խոստում, որևէ ծրագիր չիրականացվեց այս մեկ տարվա ընթացքում: Հակառակը՝ նորից շարունակվում է ստի քաղաքականությունը, արդեն հասարակությունը ինքն էլ չի կողմնորոշվում՝ այս մեծ խառնաշփոթի մեջ ինչն է ճիշտ, ինչն է սխալ, և միայն այն դեպքում, երբ իրենց մաշկի վրա մարդիկ զգում են տնտեսության, սոցիալական հարցերի բարդ հետևանքները, այդ ժամանակ, արդեն հասկանում են, որ իրենք պարզապես խաբված են: Քաղաքացու օր նշել կամ անհեթեթ տոներ մոգոնել այն պարագայում, երբ ամբողջովին, կարծում եմ, ոտնահարվում են քաղաքացու իրավունքները, համարում եմ անթույլատրելի: Մենք անընդհատ բարձրաձայնում ենք, որ փոփոխությունները բացասական են, և դրանք տեսնում ենք ոչ միայն մենք, այլև հասարակության շատ շերտեր՝ հենց իրենց մաշկին զգալով: Գործազրկությունն աճում է, բազմաթիվ գործարաններ փակվում են, նախարարություններ փակվում են, որևէ ռեալ թիվ չի հրապարակվում գործազրկության մասին, տնտեսությունն անկում է ապրում, սոցիալական խնդիրներն են ավելանում. դա ոչ ոք չի կարող հերքել»,-նշում է Աճեմյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հեղափոխության օրերին տված խոստումները 100%-ով կատարվել են, մի մասն էլ ընթացքի մեջ է, Կարինե Աճեմյանն ասում է.«Ես կարծում եմ, որ այս տոտալ անպատասխանատվությունը խոսքի և խոստումի հանդեպ արդեն վարակիչ դարձավ հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով, որովհետև նա մշտապես ասում է մի բան, անում է ուղիղ հակառակը, և ես շատ մեծ վտանգներ եմ տեսնում նաև արտաքին քաղաքականության ոլորտում՝ կապված հենց այս խնդրի հետ, որովհետև երբեք նրա խոսքի և գործի մեջ համապատասխանություն չկա: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինքը 100%-ով կատարել է իր խոստումները, ես կարծում եմ, որ դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»:

Հարցին, թե ինչպիսի՞ պատկեր կլիներ ԱԺ-ում, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները, նախապես հայտարարվածի համաձայն, տեղի ունենային մայիսին, նախկին պատգամավորը նշում է.«Եթե ընտրությունները լինեին մայիսին, բացարձակ այլ պատկեր կլիներ խորհրդարանում: Անգամ տոտալ ճնշման, ատելության խոսքի պայմաններում մեր քաղաքական ուժը կարողացավ մեծ թվով ձայներ հավաքել:  Այդ ցայտնոտի իրավիճակում քաղաքական ուժերը չկարողացան որևէ ձևով դիմադրել ճնշմանը: Դա Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձով պայմանավորված որոշումն էր՝ անել ամեն ինչ, որ իր ուժը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն լինի և կարողանա իր խնդիրներն առաջ տանել: Տարիներ շարունակ հենց ինքն էր մեծամասնության մասին խոսելով նշում, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ երկրի համար»:

Ըստ Աճեմյանի՝ Հայաստանը հիմա բացարձակապես որևէ ժողովրդավարական ցուցիչի չի համապատասխանում հենց միայն այն պատճառով, որ չի կարող հասարակության այդքան մեծամասնությունը լինել մեկ անձի կողքին.«Սա պարզապես նույն ստի շարունակությունն էր, մանիպուլյացիա էր, և մարդկանց շատ մեծ զանգված չմասնակցեց ընտրություններին՝ դրանով իր վերաբերմունքը ցույց տալով, բայց կարծում եմ՝ հենց այդ մեծ թվով քաղաքացիների հանդեպ նույնպես կար արհամարհական վերաբերմունք, և դա արտահայտվեց ընտրությունները տեղափոխելով: Հիմա այդ քաղաքացիները քաղաքացի չե՞ն: Քաղաքացի են միայն նրանք, որոնք հրապարկու՞մ են կանգնել: Ես կարծում եմ, որ երկրի այսպիսի ղեկավարումը շատ վտանգավոր կարող էր լինել յուրաքանչյուր երկրի համար»:

Կարինե Աճեմյանին խնդրեցինք հստակեցնելով նշել այն ոլորտները, որոնցում դրական փոփոխություններ կան, և այն ոլորտներոը, որոնց փոփոխությունները բացասական են.«Դրական փոփոխության մասին որևէ խոսք չկա: Լինելով շատ օպտիմիստ մարդ՝ որևէ լավ բան չեմ կարող նշել.  չկա մի ոլորտ, որը գոնե իր տեղում է մնացել, հետընթաց չի գրանցել, իսկ սրընթաց անկում ապրում են տնտեսությունը և արտաքին քաղաքականությունը: Մենք աշխարհից կտրվում ենք, այն բոլոր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ միջազգային կառույցներում, որոնք ձեռք ենք բերել, այսօր զրոյանում են: Շղթայական կապ է. չի կարող մի ոլորտն անկում ապրել, մյուսն՝ աճ: Այն մարդիկ, ովքեր տնտեսությունից հասկանում են, շատ լավ գիտակցում են, որ դա անհնար է»:

#Մեկ_տարվա_ամփոփում Politik.am-ը սկսում է նոր շարք՝ նոր իշխանությունների 1 տարվա աշխատանքների ամփոփում: Վերոնշյալ հեշթեգով կարող եք գտնել թեմային առնչվող բոլոր հրապարակումները:

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ