Արցախյան երկրորդ պատերազմը զգալիորեն փոխել է տարածաշրջանի դինամիկան, քանի որ արտաքին ուժերը, ինչպիսին Թուրքիան է, ակտիվ քաղաքական և ռազմական աջակցություն ցուցաբերեցին Ադրբեջանին, նշվել է Indian Council of World Affairs -ի (ICWA) ծավալուն վերլուծությունում։
Ըստ հոդվածի՝ Ռուսաստանը Կովկասում գերիշխող խաղացող է եղել դեռևս կայսերական ժամանակներից: Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական արագ փոխակերպումները, Արցախյան հակամարտության հարկադիր լուծումը և Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում փոխել են Հարավային Կովկասի դինամիկան, որտեղ Ռուսաստանը աստիճանաբար, բայց անշեղորեն կորցնում է իր ազդեցությունը:
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և դրա հետևանքների արդյունքում՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտը փոխվել է, քանի որ Ադրբեջանի հաղթանակը հանգեցրել է նոր սահմանների, տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխության և նոր արտաքին դերակատարների ի հայտ գալուն։ Ընդ որում՝ եթե Ադրբեջանը շահել է քաղաքական և ռազմական գերակայությամբ, ապա Հայաստանը զգալիորեն կորցրել է իր հզորությունն ու ազդեցությունը», – նշվել է վերլուծության մեջ։
Ընդգծվել է, որ հարավկովկասյան բոլոր երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, փնտրում են նոր բարեկամներ՝ փորձելով նվազեցնել կախվածությունը Մոսկվայից։
Այնուամենայնիվ, Հայաստանն է, որ կտրուկ փոխել է իր արտաքինը քաղաքականությունը՝ ձգտելով ընդլայնել իր հարաբերություններն արտաքին ուժերի հետ։ Այսօր Երևանը ռազմական պայմանագրեր է կնքել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հնդկաստանը և Ֆրանսիան։
Վերլուծաբանների կարծիքով՝ Հարավային Կովկասը շարունակում է մնալ վիճելի աշխարհաքաղաքական տարածք, որտեղ շատ մեծ տերություններ, ներառյալ Թուրքիան և Իրանը, մրցում են ազդեցության համար:
«Կովկասն անցնում է վերափոխման փուլ, որը երկար ժամանակ կորոշի տարածաշրջանի ապագան: Մինչ Հայաստանն ու Ադրբեջանը ձգտում են կարգավորել հարաբերությունները և խաղաղություն հաստատել, ինչը երևում է վերջին իրադարձություններից, Վրաստանը գծում է իր ուղին», – նշվել է հոդվածում։