Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը և Վենեսուելայի հարցերով ԱՄՆ գործերի հավատարմատար Լորա Դոգուն Կարակասում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի և երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցերը: յս մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Խիլ Պինտոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում:
«Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր օրակարգի հարցեր ամենից առաջ էներգետիկական, տնտեսական, առևտրային և քաղաքական թեմաներով», - հայտարարել է Խիլը:
Նա հայտնել է, որ քննարկվել են Դոգուի գլխավորությամբ Վենեսուելայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության և Վաշինգտոնում Վենեսուելայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնման հարցերը:
«Նախագահի պաշտոնակատարը Միացյալ Նահանգներում դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնում նշանակել է դեսպան Ֆելիքս Պլասենսիային», - նշել է Վենեսուելայի ԱԳՆ ղեկավարը:
Նա հավելել է, որ Վենեսուելայի կառավարությունն ակնկալում է Միացյալ Նահանգների հետ խաղաղ, հարգալից հարաբերությունների զարգացում՝ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և պետությունների ինքնիշխանության վրա:
2019 թվականի հունվարին Վենեսուելան հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին այն բանից հետո, երբ Սպիտակ տունը Վենեսուելայի նախագահ ճանաչեց ընդդիմադիր թեկնածու Խուան Գուայդոյին, որն ընտրություններում պարտվել էր նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար:



