Վազգե՞նն էր ուրիշ, թե՞ Արամն է ստում

Նիկոլ Փաշինյանի հնարավոր բոլոր ստորությունների բաժնետեր Արամ Զավենիչը վերջերս ֆեյսբուքյան իր էջում իսկական «բոյ» էր տալիս օգտատերերի հետ, ովքեր պնդում էին, որ Հայաստանի տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է։ Զավենիչը պնդում է, որ ճշգրտված քարտեզներով Հայաստանի տարածքը 400 քառակուսի կիլոմետրով պակաս է։ Տպավորություն է՝ մարդը պայքարում է, որպեսզի Ադրբեջանը հանկարծ ագրեսոր չճանաչվի, և իշխանությունների հնչեցրած 200 քառակուսի կիլոմետրի գրավումը օկուպացիա չհամարվի։ Եթե լսենք Զավենիչին՝ մի բան էլ մենք ենք պարտք, ու ամոթ մեզ, որ խեղճ ադրբեջանցիների հողերը հետ չենք տալիս։ Ինչ է սա, եթե ոչ քաղաքական պոռնոգրաֆիա, որի ակտիվ մասնակիցն է Արամ Զավենիչը։ Ո՞վ է իրենց լիազորել Հայաստանի տարածքները բաժան-բաժան անելու, որոշելու՝ ումն է, ով որքան պետք է վերահսկի։ Հազարավոր հայորդիներ են զոհվել այդ հողերի պաշտպանության համար։ Մեկուկես միլիոն անմեղ հայ է սպանվել հանուն իր արժեքների, և հենց այդ զոհողությունն էր, որ հնարավորություն տվեց հետագայում պետություն ստեղծել։ Ու՞մ արյան հաշվին է թուրքերի համար այս «բազարը» անում Զավենիչը։ Սա իրենց ընտանեկան գործարանի արտադրած կլինկերի առևտուրը չէ, որ մի տոննա այս կողմ, մեկ տոննա այն կողմ։ Սա հայրենիք է, որը առևտրի առարկա չէ։ Նկատենք, որ Արամ Սարգսյանը այս ամենն անում է, որպես քողածածկույթ օգտագործելով ԱԺ-ում ահաբեկիչների կողմից սպանված իր վարչապետ եղբոր՝ Վազգեն Սարգսյանի հանրությանը մատուցված քաղաքական կերպարը։ Հետևելով Զավենիչի վերջին տարիների գործողություններին և նրա այն հայտարարություններին, թե Վազգեն Սարգսյանի գաղափարական ուղղության շարունակողն է, հարց է առաջանում՝ հանրությանը մատուցված Վազգե՞նն էր ուրիշ, ու մեզ մոլորեցրե՞լ են, թե՞ Արամ Զավենիչը չի հանդիսանում եղբոր գաղափարական ուղղության շարունակողը։ Հանրությունն ինքը չի կարող հստակ հետևություններ անել ու զատել քարոզչությունն իրականությունից։ Խնդրի պարզաբանման համար առաջին հերթին պետք է Վազգեն Սարգսյանի ընտանիքի մյուս անդամները հայտարարեն, որ Արամ Սարգսյանը որևէ կապ չունի Վազգեն Սարգսյանի գաղափարների հետ և հրապարակայնորեն արգելեն նրան շահարկել նրա անունը։ Իսկ եթե չեն հայտարարում՝ գուցե Արամ Սարգսյանն ավելի լավ գիտի, թե որոնք են եղել Վազգեն Սարգսյանի գաղափարները։ Սա արդեն հանրության հետևությունների հարցն է։