Վազգեն Մանուկյանն արդեն դատարանի ճանապարհին է...

Կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, հույս ունենք, որ նախագահը կիրականացնի իր խոստումը եւ անպայման կդիմի ՍԴ: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Ուղղակի տրամաբանական չի լինի առաջին անգամ հետ վերադարձնել վարչապետին Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկությունը՝ այն համարելով հակասահմանադրական, որից հետո չդիմել ՍԴ: Դա տրամաբանությունից դուրս է: Հույս ունենք, որ ՀՀ նխագահի աշխատակազմից լուր կստանանք, որ նա դիմել է ՍԴ: Եթե չդիմի, տեղում կհասկանանք՝ ինչ ենք անում եւ մեր գործողությունները կիրականացնենք»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք կանցնեն պլան Բ-ին, որը ենթադրում է ապստամբություն, նա ասաց. «Պարոն Մանուկյանն արդեն դատարանի ճանապարհին է պլան Բ-ի մասին խոսելու համար: Եկեք ես էս պահին զերծ մնամ,  որովհետեւ ի վերջո, ընդդիմության կգլխատեն: Իսկ եթե ավելի լուրջ, ապա կարծում եմ՝ պլան Ա-ն դեռեւս նորմալ աշխատում է: Ես հույս ունեմ, որ պլան Բ-ի անցնելու կարիք չի լինի: Սա մեր ժողովուրդն է»:

Նրա խոսքով, իշխանությունը հասկանալով, որ այլեւս իշխանությունը պահելու հնարավորություն չունեն, փորձում են որոշակի լուծումներ գտնել, որոշակի առաջարկություններ են անում: Ուրիշ հարց է՝ ընդդիմությունը համաձայն է այդ առաջարկություններին, թե ոչ, բայց այնուամենայնիվ, ընդդիմության պահանջն ի սկզբանե եւս եղել է արտահերթ ընտրությունները: Բայց կար մի տարբերություն. Մենք ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չպետք է լինեն ընտրություններ, իշխանություններն ասում են, որ ընտրությունները պետք է լինեն նրա գլխավորությամբ:

Եթե Նիկոլ Փաշինյանը նախապայման է դնում, որ թող ԱԺ խմբակցությունները թուղթ ստորագրեն, որով թեկնածու չեն առաջադրելու, ուրեմն մի մտավախություն ունի»,-ասաց Վանեցյանը: