Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աջակցությամբ իրականացված վերականգնվող էներգետիկայի ծրագիրը ներկայացվել է «Zero Carbon Built Environment» (ZCBE 2026) միջազգային գիտաժողովում՝ արժանանալով ոլորտի մասնագետների բարձր գնահատականին և առաջացնելով միջազգային հետաքրքրություն։
Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Սզնակ, Սյունիք, Դիցմայրի, Խորձոր և Բարգուշատ բնակավայրերի հարյուրավոր ընտանիքներ անցում են կատարել վերականգնվող էներգիայի օգտագործմանը՝ զգալիորեն նվազեցնելով ավանդական էներգակիրներից, մասնավորապես՝ վառելափայտից կախվածությունը։ Կապան համայնքի 5 բնակավայրերում տեղադրվել են 273 արևային ֆոտովոլտային կայան և 227 արևային ջրատաքացուցիչ, որոնց շնորհիվ նվազել են բնակիչների կոմունալ ծախսերը, բարելավվել է շրջակա միջավայրի պահպանությունը և ամրապնդվել համայնքների էներգետիկ կայունությունը։
Ծրագրի տեխնիկական, տնտեսական և բնապահպանական արդյունքների համապարփակ վերլուծությունը գիտաժողովի համար պատրաստել են ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը և Ակադեմիական կառույցների հետ համագործակցության և կայուն զարգացման խորհրդատու Հայկ Ակարմազյանը։ Հետազոտությունը հիմնված է ծրագրի իրական շահագործման տվյալների վրա և ներկայացնում է արևային կայանների ու ջրատաքացուցիչների արտադրողականության, շահագործման արդյունավետության, ինչպես նաև ներդրումների տնտեսական արդյունավետության գնահատականը։
Ներկայացված աշխատանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտաժողովի կազմակերպիչների և մասնագիտական հանրության շրջանում։ Արդյունքում հեղինակները հրավիրվել են միջազգային հարթակում ներկայացնելու ծրագրի արդյունքները, իսկ ԶՊՄԿ մասնագետների զեկույցը ստացել է դրական արձագանքներ։
Քննարկումների ընթացքում նաև առաջարկ է հնչել հաջորդ միջազգային գիտաժողովն անցկացնել Հայաստանում։ Այդ դեպքում մասնակիցները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալու Սյունիքում իրականացված ծրագրի արդյունքներին, արևային կայանների աշխատանքին և համայնքներում էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին։
Սյունիքում իրականացված ծրագիրը ցույց է տալիս, որ սոցիալական ուղղությամբ նպատակային ներդրումները կարող են ոչ միայն բարելավել բնակչության կյանքի որակը և նվազեցնել էներգետիկ ծախսերը, այլև ձևավորել միջազգային հետաքրքրություն ներկայացնող հաջողված փորձ, որը կարող է կիրառվել նաև այլ երկրներում։
«Zero Carbon Built Environment» (ZCBE 2026) միջազգային գիտաժողովը կազմակերպել էին Էներգետիկայի և երկրաբանության պորտուգալական ազգային լաբորատորիան, Լիսաբոնի «Նովա» համալսարանի Գիտության և տեխնոլոգիաների դպրոցը և Միացյալ Թագավորության Նոթինգհեմի համալսարանը։ Միջոցառմանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականներ և ոլորտի առաջատար փորձագետներ։
Գիտաժողովի լավագույն զեկուցումները կհրապարակվեն հեղինակավոր միջազգային գիտական ամսագրերի հատուկ թողարկումներում։



