«Վաղը թիկնապահները չեն լինի, դահլիճից դուրս ե...

Երբ խոսափողը գտնվում է մարդու ձեռքում և ինքը կարող է խոսափողից օգտվելով հայտարարություններ անել, պետք է մտածի՝ չի կարող իրեն թույլ տալ փողոցային բառապաշար: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նա Աժ նախագահ Ալեն Սիմոնյանին ասաց, որ վերջինս պետք է ներողություն խնդրի երեկվա պահվածքի համար: Հիշեցնենք, որ երեկ Սիմոնյանը վիրավորել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին: «Ես հասկանում եմ, որ Ձեր վրա թքող չկա, լքե՛ք դահլիճը»: Սիմոնյանը սա ասել էր Կյուրեղյանին ի պատասխան նրա, որ պատգամավորը ԱԺ նախագահին հիշեցրել էր, որ թքել է քաղաքացու վրա:

Ալեն Սիմոնյանը, արձագանքելով Մինասյանին, նշեց, թե ներողություն խնդրելու մեջ որևէ վատ բան չկա, բայց մարդը, որը ներողություն պետք է խնդրի, պետք է իրեն մեղավոր ճանաչի և զգա, որ ինչ-որ արարք է արել, որը չպետք է աներ:

«Ձեր գործընկերը՝ տիկին Կյուրեղյանը, որը հայտնի է ամենադատապարտելի և ամենափողոցային տարբերակով մտքերն արտահայտելուն, դուրս գալուց հերթական բանն է թույլ տվել, որին ի պատասխան արձագանքել եմ ու միշտ արձագանքելու եմ ու էլի ավելի շատ եմ արձագանքելու»,- ասաց նա և հավելեց, որ ստանդարտները երկակի չեն լինում, և որ քամի ցանողը փոթորիկ է  հնձելու:

Արդեն խմբակցության անունից ելույթ ունենալիս Մինասյանը նշեց, որ թեև Սիմոնյանը ելույթը սկսեց լավ տոնով, ավարտեց տխրեցնող հայտարարությամբ:

«Թեպետ խոսեցիք ներողությունից, բայց շարունակեցիք նույն ձեր ոճը՝ անպատասխանատու վարքագիծը որպես ԱԺ նախագահի: Հակառակը հոխորտում եք՝ էլի նոր վիրավորանքներ հնչեցնելու սպառնալիքով: Ենթադրենք վաղն այդ բարձրախոսը Ձեզ մոտ չէ, թիկնապահները չկան, այս դահլիճից դուրս եք, դուրս եք գալու հանրության մեջ, որտեղ ոչ մեկ թևեր չի բռնի, բայց մարդկանց հետ պետք է շփվեք, չէ՞:

Ակնկալում էի, որ Դուք կամք պետք է գտնեիք Ձեր մեջ և ներողություն խնդրեիք, որ հիմք դրվի հետագայում նման երևույթները բացառելուն, բայց Դուք դա չարեցիք: Չե՛ք անում, Աստված Ձեզ հետ»,- ասաց Մինասյանը:

Ալեն Սիմոնյանը ևս խմբակցության անունից  ելույթ ունեցավ և արձագանքեց Մինասյանին:

«Այդ նարատիվը, որ փորձում եք առաջ տանել, թե ես պատսպարվում եմ իմ պաշտոնի կամ օերնքով ինձ հասանելի թիկնապահների շնորհիվ, երևի մի փորքրիկ խմբակում է արդիական: Երբ Ռոբերտ Քոչարյանի հետ իշխանության էիք, երբ մարդկանց պադիեզդներում ծեծում էիք և մարդկանց գլուխը խփում էին զուգարանակոնքին, ես շատ բաց անվանում էի իրերն իրենց անունով և հետագայում էլ նույն ձև վարվելու»,- հայտարարեց Սիմոնյանը:

Սիմոնյանը նշեց, որ եթե Մինասյանը կարծում է, որ կարելի է խոսակցություն բացել պահվածնքերի վերաբերյալ, ապա ինքը դեմ չէ:

«Հավատացեք, Դուք դրանից ավելի շատ եք տուժելու: Դուք ինձ կոչ եք անում լավ ձևով շփվելու, բայց երբ թուղթ եք գրում նույնիսկ հատուկ ամեն ինչ անում եք, որ հանկարծ հարգելի բառը չգրեք, կամ այնպես եք անում, որ հանկարծ մեկը չմտածի՝ լավ խոսեցիք ԱԺ նախագահի հետ: Դուք մի հատ ձեր արածներին նայեք, հետո նոր այստեղ եկեք բարոյախրատական դաս տվեք: Եվ ես ձեզ զգուշացնում եմ, ինձ հետ սպառնալիքներով մի՛ խոսացեք, դա չի աշխատում, դա հակառակ արձագանքն է ունենալու»,- եզրափակեց ԱԺ նախագահը: