
Մենք ունենք ավելի կարևոր նպատակ: Իմ նպատակը վերջին առնվազն 5-6 տարին մեկն է ազատվել այս իշխանություններից, ՔՊ-ին իշխանազրկել և սա այն քայլերից է, որը մենք պետք է անենք Վաղարշապատում և ես վստահ եմ, որ նոյեմբերի 16-ին մենք փաստելու ենք, որ ՔՊ-ն չկարողացավ Վաղարշապատում վերցնել իշխանությունը:
Այս մասին Վաղարշատապում ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Վաղարշապատի ընտրություններում ես շատ բարձր եմ գնահատում մեր շանսերը»,-ասել է նա:
Վանեցյանն ընդգծել է, որ եթե իրենց չհաջողվի միանձնյա վերցնել իշխանությունը՝ պատրաստ են լինելու համագործակցել ցանկացած ընդդիմադիր ուժի հետ։
«Մենք բաց ենք համագործակցության համար, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի առավելագույն ձայեր ստանանք ու ես վստահ եմ մեր թիմի վրա, մեր աշխատանքի վրա: Այս ընտրությունները պետք է դիտարկել նաև վերջին ժամանակահատվածում Հայ Առաքելական սուրբ եկեղեցու վրա իրականացվող հարձակումների համատեքստում։
Էջմիածնեցին պետք է իր հստակ խոսքն ասի, այն իշխանությանը, որը սկսել է գործել ընդդեմ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու չի կարող իշխանություն ձևավորել ՀՀ հոգևոր մայրաքաղաքում»,-ասաց Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցությունն առաջադրել է գրող, հրապարակող Խաչիկ Մանուկյանի է թեկնածությունը։ Վաղարշապատում ավագանու ընտրություններ կկայանան նոյեմբերի 16-ին։ Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական ուժեր։ «Հայրենիք» կուսակցության համարը 8-ն է։