Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քնն...

Մայիսի 14-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը։

Վաղարշակ Հարությունյանը ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է ստեղծված իրադրությունում հայկական կողմի գործողությունները, նշելով, որ բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, ուր ներխուժել են ադրբեջանցիները, թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ զինվորականները և թե՛ նրանց ապահոման ճանապարհները գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ցանկացած ոտնձգություն։

Հեռախոսազրույցի ընթացքում Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, Արցախում ռուսական խաղաղապահ զորախբի առաքելությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։