Վաշինգտոնը քննում է Ալիևի թիկնապահների կողմից...

Վաշինգտոնի դատախազությունը հետաքննում է Waldorf Astoria հյուրանոցի դիմաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահների կողմից ծեծի միջադեպը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակիցը, որին հղում է անում կայանի ադրբեջանական ծառայությունը։

Փետրվարի 19-ին սոցիալական ցանցերում տարածվեց ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիների և Ադրբեջանի կառավարության քննադատների բողոքի ցույցի տեսանյութ։ Նրանք «Ազատություն քաղբանտարկյալներին» և «Ազատություն Թոֆիգ Յագուբլուին» կարգախոսներ էին վանկարկում Վաշինգտոնում գտնվող այն հյուրանոցի առջև, որտեղ իջևանել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

The Washington Post-ի հաղորդմամբ՝ Uber-ի 27-ամյա վարորդ Ռահիմ Յագուբլուն ասել է, որ Իլհամ Ալիևի թիկնապահները ծեծել են իրեն՝ հարվածելով ծնոտին և որովայնին: Մեկ այլ ցուցարար՝ 35-ամյա Ադիլ Ամրահլին, վիրավորվել է ոտքից՝ փորձելով փախչել թիկնապահներից: Նշվում է, որ վիրավորվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ Յագուբլուն։

Վաշինգտոնի ոստիկանության խոսնակ Թոմ Լինչը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ժամանակ դեպքի վայրում են եղել ԱՄՆ գաղտնի ծառայության՝ հատուկ գործողությունների ստորաբաժանման անդամները։ Նա չի ասել՝ արդյո՞ք ոստիկանությունը միջամտել է միջադեպին։ Ըստ Լինչի՝ հարցը վարում է Պետքարտուղարությունը։

«Գաղտնի ծառայության դերը պետությունների ղեկավարների համար անվտանգության ենթակառուցվածք ստեղծելն ու պաշտպանիչ գործողություններ իրականացնելն է»,- ասել է Գաղտնի ծառայության խոսնակ Էնթոնի Գուլիելմին՝ հավելելով, որ հյուրանոցը գտնվում է անվտանգության չափանիշների սահմաններում։ Յագուբլուն ասել է, որ միջադեպի ժամանակ ոստիկանությունը մոտակայքում է եղել, բայց չի միջամտել: Մի քանի րոպե անց թիկնապահները հեռացել են, իսկ ցուցարարները շտապօգնություն են կանչել: Բժիշկները զննել են վնասվածքները, բայց ոչ ոք հիվանդանոց չի տեղափոխվել: «Սա միայն ցույց է տալիս, որ նա բռնապետ է, որ մեր երկրում խոսքի ազատություն չկա»,- Ալիևի մասին ասել է Յագուբլուն։ Նա Ադրբեջանում բանտարկված հայտնի ընդդիմադիր Թոֆիգ Յագուբլուի որդին է։

Ամրահլիի խոսքով էլ՝ ցուցարարները հյուրանոցի առջևի մուտքից վազել են դեպի մյուս մուտքը՝ Ալիևին թույլ չտալու աննկատ հեռանալ: «Մեր նպատակն էր անցկացնել խաղաղ բողոքի ակցիա՝ պահանջելով Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակումը»,- ընդգծել է նա:

The Washington Post-ը հիշեցրել է 2017 թվականին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման մասին, որի հետևանքով 11 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ 1 ոստիկան։