Վաշինգտոն–Բաքու առանցքը և Երևանի սահմանափակ մ...

ԱՄՆ փոխնախագահի այցը կարելի է գնահատել որպես դիվանագիտական ակտիվության դրսևորում, սակայն այն ինքնին չի վերափոխում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների կառուցվածքային տրամաբանությունը։

Գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Վաշինգտոն–Բաքու առանցքը և Երևանի սահմանափակ մանևրները․

ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան և Ադրբեջան նախատեսվող այցը կարելի է դիտարկել որպես Վաշինգտոնի շարունակական ներգրավվածության ցուցիչ Հարավային Կովկասում՝ հատկապես հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։

Բարձր մակարդակի նման այցելությունները, որպես կանոն, միտված են ոչ միայն տարածաշրջանում ԱՄՆ քաղաքական ներկայության պահպանմանը, այլև այս փուլում ձևավորվող նոր քաղաքական և տնտեսական ճարտարապետության ամերիկյան օրակարգի ամրագրմանը։

Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի հրապարակած հայտարարության բովանդակային վերլուծությունը բացահայտում է ԱՄՆ–Հայաստան և ԱՄՆ–Ադրբեջան հարաբերություններում առկա կառուցվածքային անհամաչափությունը։ Հայտարարության մեջ Վաշինգտոն–Բաքու ուղղությամբ հստակ ձևակերպվում են նյութական և գործնական համագործակցության բաղադրիչներ՝ ռազմավարական գործընկերության խորացում, պաշտպանական արտադրանքի վաճառք և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնում։ Այս մոտեցումը բնորոշ է սուբյեկտ–սուբյեկտ հարաբերություններին, որտեղ կողմերը հանդես են գալիս որպես փոխադարձ շահերով առաջնորդվող և քաղաքական որոշումների համատեղ ձևավորման ունակ դերակատարներ։

Հայաստանի պարագայում, սակայն, համագործակցության առաջարկվող ուղղությունները հիմնականում ունեն տեխնոլոգիական և երկարաժամկետ բնույթ՝ մասնավորապես խաղաղ միջուկային ոլորտում հնարավոր համագործակցության ձևաչափով։ Թեև նման նախաձեռնությունները կարող են ունենալ տնտեսական և ինստիտուցիոնալ նշանակություն, դրանք անմիջական ազդեցություն չեն թողնում տարածաշրջանային անվտանգության միջավայրի վրա և չեն ապահովում քաղաքական ազդեցության համարժեք լծակներ։

Այս համատեքստում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին» ներկայացվում է ոչ թե որպես Հայաստանի նախաձեռնողական մասնակցությամբ ձևավորվող ռազմավարական նախագիծ, այլ որպես ամերիկյան գլոբալ օրակարգի բաղադրիչ, որտեղ Հայաստանին վերապահվում է առավելապես գործառնական կամ սպասարկող դեր։

Նշված մոտեցումը վկայում է այն մասին, որ Հայաստանը շարունակում է հանդես գալ գործընթացների օբյեկտի կարգավիճակում՝ սահմանափակ մասնակցություն ունենալով տարածաշրջանային օրակարգի ձևավորման և որոշումների ընդունման փուլերում։ Բովանդակային քաղաքական և անվտանգային փոխհարաբերությունները, ըստ էության, ձևավորվում են Վաշինգտոն–Բաքու առանցքում, մինչդեռ Երևանը ներգրավվում է արդեն իսկ ձևավորված քաղաքական տրամաբանության շրջանակում՝ սահմանափակ մանևրային հնարավորություններով։

Այս կառուցվածքային անհամաչափությունը համակարգային բնույթ ունի և չի ձևավորվել տվյալ այցի կամ հայտարարության շրջանակում։ Այն արդեն ակնհայտ էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև–Դոնալդ Թրամփ հանդիպման ընթացքում, երբ քաղաքական սիմվոլիկան և բանակցային գործընթացի փաստացի արդյունքները կրկին չէին արտացոլում Հայաստանի սուբյեկտային դերակատարության որակական աճ։

Ամփոփելով՝ ԱՄՆ փոխնախագահի այցը կարելի է գնահատել որպես դիվանագիտական ակտիվության դրսևորում, սակայն այն ինքնին չի վերափոխում ԱՄՆ–Հայաստան հարաբերությունների կառուցվածքային տրամաբանությունը։ Քանի դեռ այդ հարաբերությունները չեն համալրվում հստակ քաղաքական, անվտանգային և ռազմավարական փոխադարձ շահերի համակարգով, Հայաստանը կմնա տարածաշրջանային գործընթացների առավելապես օբյեկտային դիրքում՝ անկախ բարձր մակարդակի հայտարարություններից և խորհրդանշական դիվանագիտական քայլերից»։