«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակային կշտամբելը ՔՊ-ում ծանր են տարել, ինքը՝ Փաշինյանն էլ, Մոսկվայից ապրիլմեկյան հանդիպումից վերադառնալուց հետո ավելի է կոշտացրել քաղաքական հակառակորդների եւ հատկապես Սամվել Կարապետյանի նկատմամբ հռետորաբանությունը, մինչեւ անգամ խոսեց Կարապետյանի՝ «բոմժ» դառնալու մասին։
Հիշեցնենք, որ Պուտինը Փաշինյանին զգուշացրել-կշտամբել էր, թե Հայաստանում ռուսական անձնագրով անձը քաղաքականությամբ զբաղվելու փորձի համար գտնվում է անազատության մեջ։ «Դա ձեր որոշումն է, մենք չենք խառնվում: Բայց կուզեինք, որ նրանք կարողանային մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքին»,- հավելելով, որ Մոսկվան մշտապես առաջնորդվելու է հայ ժողովրդի շահերով:
Չնայած Փաշինյանը տեղում Պուտինին պատասխանեց, որ մեր օրենսդրությամբ ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն մարդիկ, ովքեր բացառապես հայկական անձնագիր ունեն, իսկ ռուսական անձնագիր ունեցողները չեն կարող ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ վարչապետի թեկնածու լինել, այդուհանդերձ, նրա թիմակիցները շարունակում են կռվել Կարապետյանի թիմակիցների հայտարարությունների հետ, եւ երեկ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին խորհրդարանում պատին էին դեմ տվել, թե ինչու քայլեր չի ձեռնարկում ժողովրդին «մոլորեցնող» ուժերի հարցում։ Հովակիմյանը պետաիրավական հանձնաժողով էր գնացել՝ ԿԸՀ-ի 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդումը ներկայացնելու։
ՔՊ-ական Լիլիթ Մինասյանը, դիցուք, թաքնվելով ընդդիմադիր ուժերի թիկունքում, ԿԸՀ նախագահից հետաքրքրվեց ՝ ինչ ընթացակարգեր են գործում կուսակցությունների գրանցումը մերժելու համար։ Վահագն Հովակիմյանը, ի դեպ, ակնհայտորեն, չէր ցանկանում տրվել երբեմնի թիմակիցների սադրանքներին, որոշ տեղեկություններով՝ օրեր առաջ նրան այցելած Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը հավելյալ զգուշացում է արել Վահագն Հովակիմյանին, որ չեն ներելու քաղաքական խաղերը, թեպետ Հովակիմյանը երեկ դեսպանի այցի մասին ասաց, որ դա սովորական այց էր, եկել էր ընդամենը ծանոթանալու նախապատրաստական աշխատանքներին։
Ինչեւէ, Լիլիթ Մինասյանի հարցին ի պատասխան, Հովակիմյանն ասաց․ «Մեր Ընտրական օրենսգիրքն այնքան ազատական է, որ քաղաքական ուժը, որպեսզի չգրանցվի, փաստաթղթերը պետք է միտումնավոր չգրանցի, հակառակ դեպքում, եթե փաստաթղթերը թերի է ներկայացնում, ԸՕ-ն պահանջում է, որ տվյալ քաղաքական ուժին տանք մինչեւ 48 ժամ ժամանակ՝ թերությունները շտկելու համար»։ Պետաիրավական հանձնաժողովի անդամ չհանդիսացող Բաբկեն Թունյանն էր անգամ եկել քննարկմանը եւ կրկին հետաքրքրվում էր Կարապետյանի թիմի գործունեությամբ։ Նախ փորձեց հասկանալ՝ 2021-ին արտերկրից որքան մարդ է եկել եւ մասնակցել ընտրություններին, սակայն Հովակիմյանը նրան էլ ցրեց, թե դա այլ մարմիններից է պետք ճշտել, ապա տրտնջաց, թե որոշ ընդդիմադիրներ մոլորեցնում են ժողովրդին, խաբում, թե այսինչ մարդն է լինելու վարչապետի թեկնածուն, այն դեպքում, երբ տվյալ մարդը չի համապատասխանում սահմանադրական պահանջներին։ Նա պահանջում էր ԿԸՀ-ի ղեկավարից քայլեր ձեռնարկել ժողովրդին մոլորեցնող ուժերի նկատմամբ։ Վահագն Հովակիմյանը, մինչդեռ, հիշեցրեց, որ Հայաստանում խոսքի ազատություն է, ով ինչ ուզում է, կարող է հայտարարել․ «Քաղաքական գործիչներն ազատ են, ինչ կուզեն, կհայտարարեն, մեր սահմանադրությունը հստակ է ամրագրում՝ ով կարող է լինել պատգամավոր, ով՝ կառավարության անդամ, մնացածը՝ մարդիկ ազատ են, ոնց ցանկանում են, այդպես էլ հայտարարում են»։ ՔՊ խմբակին միացավ նաեւ երբեմնի ընդդիմադիր Գեղամ Նազարյանը, որին ակնհայտ նյարդայնացնում էին Վահագն Հովակիմյանի անատամ պատասխանները։ Դա նկատել էին նաեւ նիստի մնացած մասնակիցները․ նիստը վարող Արուսյակ Ջուլհակյանը տեղից ռեպլիկ արեց, նոր խոսքը փոխանցեց Նազարյանին․ «Ես զգում էի, որ պոռթկում եք տեղից, հիմա կարող եք Ձեր պոռթկումն արտահայտել»,- ասաց նա։ Նազարյանը յոթ հարց ուներ, յոթն էլ՝ ընդդիմության դեմ։
44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հոր համար, դիցուք, տարակուսելի է՝ Հայաստանից դուրս ապրող քաղաքացին ինչու պետք է որոշի՝ ինքը ոնց ապրի։ Տեղեկություններ կան, որ մեր հայրենակիցները Ռուսաստանից մտադիր են գալ եւ Փաշինյանի դեմ քվեարկություն իրականացնել։
Ապա երկրորդեց Բաբկեն Թունյանին եւ ակնարկելով Սամվել Կարապետյանին ու նրա թիմին, հարցրեց՝ նորմա՞լ է, որ կարող են խաբել եւ ասել՝ ընտրություններից հետո, դիցուք, վարչապետը պետք է լինի կոկորդիլոս Գենան։
Շարունակեց ընդդիմության դեմ արշավը եւ հարցրեց՝ ի՞նչ իմաստ ունի ընտրարշավի ժամկետ սահմանելը, երբ բոլորն արդեն սկսել են դա վաղուց անել՝ «ուժեղ տղաները, ակտիվ տղաները»։ Եվ, հավանաբար, նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում հայտնված Էդգար Ղազարյանին, նեղսրտեց՝ ինչո՞ւ պիտի պատգամավորներին ծաղրող մարդը գրանցվի ցուցակում։ Նազարյանը թերեւս ամնեզիայով է տառապում եւ մոռացել էր, որ քաղաքական գործիչներին ամենաշատը ծաղրող մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Վահագն Հովակիմյանը Նազարյանի սպասումներն էլ չարդարացրեց․ «Եթե կոկորդիլոս Գենան լինի ՀՀ քաղաքացի, որի 25 տարին լրացել է, ապա կարող է»։
Այսպիսով, չնայած ՌԴ-ից ստացած կոշտ նախազգուշացումներին, իշխող խմբակը շարունակում է նույն ոճով գործել, մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը ոչ մի կերպ չի հրաժարվում մոլդովական սցենարից, սակայն այլ մարտավարություն են որդեգրել եւ դա չեն անելու իրենց ձեռամբ, այլ իրականացնելու են իրենց գրպանային ՀԿ-ների միջոցով։ Վերջիններն արդեն հանձնարարություն են ստացել՝ ուշի-ուշով հետեւել ընդդիմադիրների ընտրարշավին եւ քարոզչության խախտման դեպքեր արձանագրել, բողոքներ հասցեագրել ԿԸՀ-ին ու հետամուտ լինել, որ այդ հիմքով կասեցնեն ուժերի գրանցումը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



