Այս պահի դրությամբ երեքամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են, փնտրողական աշխատանքին ներգրավված են ոստիկանության քրեական հետախուզության համայնքային ոստիկանության և Գեղարքունիքի մարզի ոստիկանության 150 ծառայող։ Այս մասին նշեց ՆՀՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյան, ով եւս գտնվում է Ծափաթաղ գյուղի տարածքում։
«Բացի այդ, ներգրավված են նաև փրկարարական 150 ծառայող։ Աշխատանքները շարունակվում են, դեռևս չենք հայտնաբերել երեխային։ Ժամը 12:30-ի դրությամբ աշխատանքները դեռ արդյունք չեն տվել»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ հարակից անտառներում նաև Սևանա լճի ափամերձ հատվածներում ևս որոնողական աշխատանքներ են իրականացվում, Ցուցուլյանն ասաց. «Բոլոր հնարավոր վայրերում որոնումներ իրականացվում են։ Մենք ստեղծել ենք աշխատանքային շտաբ, բոլոր վարկածներն ուսումնասիրում ենք։ Ոստիկանությունը ևս ստուգում է բոլոր վարկածները։ Վարկածները այս պահին չեմ հրապարակի։ Առևանգելու վարկած այս պահին չի դիտարկվում»։
Երեկ՝ հոկտեմբերի 27–ին, ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորականներ այդ թվում Երևանից։
Այս պահին այստեղ կիրառվում են նաև դրոններ, որպեսզի տարածքում ամբողջությամբ նկարահանումներ իրականացնեն։ Ներգրավված են նաև կինոլոգիական խմբեր, բնակիչներ։ Ժամանել է Գեղարքունիքի մարզպետը։
Մեր տեղեկություններով Տիգրանի ընտանիքում 5 երեխա են. վարկածներից մեկն այն է, որ 5–ամյա եղբոր հետ է փոքրիկ Տիգրանը դուրս եկել տնից, սակայն տուն վերադարձել է միայն 5–ամյա եղբայրը, Տիգրանից որեւէ լուր չկա։
Ժամը 11:30-ի դրությամբ դեռևս փոքրիկը չի հայտնաբերվել։
Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանն էլ հայտնել է, որ երեխան կորել է տան մոտակայքից։



