Վարդենիսում նոր կրթահամալիր կկառուցվի․ այն ամ...

Վարդենիս համայնքում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղը կկառուցի կրթական համալիր։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նախարարի` այսպիսով կառավարությունը կրթության ոլորտում խրախուսում է մասնավոր ներդրումները։

Անդրեասյանը նշել է, որ Վարդենիսում ավագ դպրոցը և հիմնական դպրոցը ոչ բարվոք վիճակում են գտնվում, և խոսքը շուրջ 700 աշակերտի կրթական իրավունքի մասին է։

Նա տեղեկացրել է, որ Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղը Վարդենիսում հողակտոր է ձեռքբերել 300 տեղանոց դպրոցի, 150 տեղանոց նախադպրոցական հաստատության և 60 տեղանոց երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի կառուցման համար։

«Կառավարությունը լրացուցիչ 400 տեղ կստեղծի, որն ամբողջովին կծածկի համայնքի կրթական կարիքները և, ըստ այդմ էլ, կառավարությունը գումար կտրամադրի նախագծի իրականացման համար»,– նշել է Անդրեասյանը։

Նրա խոսքով` կրթական ամբողջական այս նախագիծը կիրականացվի 2026–29 թվականներին, և արդեն 2029 թ. սեպտեմբերին կրթահամալիրն ամբողջովին կգործի։ Նախագծման աշխատանքներն ամբողջովին կիրականացնի Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղը։

Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ այս նախագծում դավադրապաշտական որևէ միտում չկա։

«Փորձելով կանխել ինչ–որ մի բաժակ ջրի մեջ ծովամրրիկ փնտրողների ծրագրերը` ասեմ, որ այստեղ կրոնական որևէ ուղղվածության խնդիր չկա։ Այս ընկերակցությունը Երևանում արդեն իսկ գործարկել է մի կրթական համալիր` «Ավետիսյան դպրոցը»»,– հայտարարել է Սինանյանը։

Նշենք, որ Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը ՀՀ-ում պաշտոնապես գրանցված և գործող բարեգործական կազմակերպություն է։