Վարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադ...

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Ռոզա Չրաղյանին պատկանող (Արարատի մարզ, գյուղ Վարդաշեն) հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արձանագրել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

«Մասնավորապես՝

- պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատերի ծեփը որոշ հատվածներում թափված է եղել,

- առաստաղները եղել են ոչ նորոգ վիճակում, որի արդյունքում չի բացառվել մասնիկների թափվելու վտանգը,

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

- դռները եղել են ոչ հարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

- սանհանգույցի դռները բացվել են անմիջապես դեպի արտադրամաս,

- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»: