«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը հայտարարել է, որ այսուհետ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը պարբերաբար ներկայացնելու է քաղաքական ուժի նախընտրական ծրագրի հիմնարար դրույթներն ու ռազմավարական ուղղությունները։
Չնայած այն հանգամանքին, որ Վարդան Ղուկասյանի գրանցումը մերժվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ վերջին տարիներին Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, քաղաքական ուժը շարունակում է մասնակցել ընտրություններին և վարչապետի թեկնածու համարել հենց նրան։
Քաղաքական ուժի հայտարարության մեջ նշվում է, որ նախընտրական ծրագրում ոչ թե դատարկ խոստումներ են, այլ պետականաշինության, արդարության, ազգային արժանապատվության և հզոր Հայաստանի կառուցման հստակ քայլեր։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված ուղերձում Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը պետք է լինի այն պետությունը, որը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը։
«Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լինելու է այն պետությունը, որը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը, ոչ թե Հայաստանը դիտում է որպես գաղութ, պրոյեկտ կամ ազդեցության գոտի»,- նշել է Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը չունի հավերժ բարեկամներ ու հավերժ թշնամիներ, այլ ունի հավերժ պետական շահ։
Ղուկասյանը խոսել է նաև տարբեր երկրների հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ «Ռուսաստանի հետ գործընկերությունը հնարավոր է այն դեպքում, եթե հարգվի Հայաստանի անվտանգությունն ու արժանապատվությունը, Արևմուտքի հետ համագործակցությունը՝ եթե չեն փորձում քանդել հայկական ինքնությունը և պետությունը դարձնել արտաքին կառավարման կետ»։
Նա նաև կարևորել է Իրանի հետ փոխադարձ հարգանքի և անվտանգության հավասարակշռության վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաև Ֆրանսիայի, Հնդկաստանի, Չինաստանի և եվրոպական երկրների հետ համագործակցությունը, որը, նրա խոսքով, պետք է ուժեղացնի Հայաստանը։
Ղուկասյանը հայտարարել է, որ առաջնային ռազմավարական դաշնակիցը պետք է լինի հզոր հայկական պետությունը, հայկական բանակը և հայ մարդու կամքը։
«Թույլ պետությունը դաշնակից չունի, թույլ պետությանը օգտագործում են»,- ընդգծել է նա։
ԴՕԿ կուսակցության առաջնորդը նաև հայտարարել է, որ մինչև պետականաշինության գործընթացին անցնելը անհրաժեշտ է «սանիտարական մաքրում» իրականացնել երկրի ներսում։
«Մինչև երկիրը մեջից չմաքրվի, մենք նորմալ պետություն չենք ունենա»,- ասել է նա։
«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 15 համարի ներքո և ԿԸՀ է ներկայացրել 93 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։
Ըստ ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության տվյալների՝ Վարդան Ղուկասյանը 2022 թվականին մուտք է գործել ԱՄՆ, սակայն սահմանված ժամկետում չի լքել երկիրը, ինչի հետևանքով հայտնվել է միգրացիոն ընթացակարգում և ներկայում գտնվում է ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության կալանքի տակ՝ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։



