Վարդան Ղուկասյանին բերման ենթրարկելուց հետո ք...

Գյումրեցիները գնում են Երևան՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, որին քիչ առաջ իրավապահները տեղափոխեցին Երևան՝ հակակոռուպցիոն կոմիտե։

«Երևան հասնենք, մեր ձայնը բարձրացնենք, աղաղակենք, պահենք մեր քաղաքապետին։ Բաստիոնները պահեք, ժողովուրդ, թե չէ կթրքանանք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը։

Նշենք, որ քաղաքապետարանի մոտ ժամեր շարունակ լարված իրավիճակ էր։ Մի քանի անգամ իրավիճակը թեժացել է ոստիկանական ուժերի և հավաքված քաղաքացիների միջև՝ հրմշտոց, ծեծկռտուք։ Ոստիկանները նաև բիրտ ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, կան բերման ենթարկվածներ։

Լրագրողների հետ զրույցում փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պնդեց, թե ոստիկանությունը ոչ թե բիրտ, այլ համարժեք ուժ է կիրառել։

Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։...Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:

Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։

Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելուց հետո քաղաքապետարանի բակում իրավիճակը կտրուկ լարվեց