Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին իր շարքերից հեռացնելու որոշում է կայացրել՝ այդ թվում հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:
Նա վստահեցրել է, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսն իր սեղանին չի հայտնվել և չէր էլ կարող հայտնվել:«
Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից: Եվ անկախ մարմինն օրենքով սահմանված կարգով համապատասխան բոլոր ընթացակարգերը և թույլտվությունն ունենալով՝ բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այնքան էլ անկախ չէ: Եվ, երբ այդ մարմինը այդ քննչական հանձնարարականը կատարելու ընթացքում հանդիպել է տեղեկությունների, որոնք պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, բնականաբար այդ պարագայում պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք՝ այդ թվում հեռախոսի տիրոջ հետ և պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ տվալ դեպքում Հայաստանի վարչապետին»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետը վստահեցրել է՝ այդ տեղեկությունն ում հետ կիսվել է, կիսվել է օրենքի տառին, թուլտվություններին համապատասխան: Դրանից առաջ ինքը խորհրդակցել է բոլոր հնարավոր մարմինների հետ, որոնք իրավասու են գնահատական տալ այդ իրավիճակին:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Հովիկ Աղազարյանին սեփական շարքերից հեռացնելու որոշում է կայացրել՝ այդ թվում հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով, որը որպես կատարման թեզ ընդգծված է նաև ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքներում օրենքով: Այո, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական և այլ լծակներ՝ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար: Եվ ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»,-ասել է Փաշինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացրել է կուսակցությունից: Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին հայտնել է, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում։ Ըստ նրա՝ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։
Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ իր հեռախոսը, որն առգրավելեն Արգիշտի Քյարամյանի հետ կապված գործի շրջանակում, քննիչի մոտ է գտնվել ավելի քան 10 օր։ Ըստ Աղազայանի՝ քննիչը վստահեցրել է, որ իրենց հետաքրքրում են միայն ու միայն այն զանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ։ Սակայն պատգամավորը նշել էր, որ իր հեռախոսից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ: