Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարակ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։ Այս մասին հայտնեցին կառավարությունից։

«Չոլպոն-Ատա» պետական համալիրում ՀՀ վարչապետին եւ ԵԱՏՄ անդամ երկրների մյուս վարչապետերին դիմավորել է Ղրղզստանի նախարարների գրասենյակի նախագահ (վարչապետ) Ուլուկբեկ Մարիպովը։ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների ձեռքսեղմման եւ համատեղ լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է նեղ կազմով նիստը։

Նիստում քննարկվել են Միության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ եւ արտաքին առեւտրի ապահովագրական աջակցության միջոցառումներին, գլոբալ կլիմայական օրակարգի իրագործման շուրջ ընդհանուր մոտեցումների մշակման ուղղությամբ անելիքներին եւ այլն։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն վաղը՝ օգոստոսի 20-ին, ընդլայնված կազմով հանդիպման շրջանակում, որտեղ նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։