«Վարչապետը չգիտի օրենքը, խորհրդանիշն անարգում են: Ամիսներ առաջ էի դիմել իրավապահներին եւ հայտնել, որ նման օղի է վաճառվում Երեւանի խանութներում: Դրա վրա օգտագործված է պետական խորհրդանիշը: Ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին, որովհետեւ սա ապօրինություն է: Խորհրդանիշը միայն հատուկ մարմինները կարող են օգտագործել: Սակայն ինձ պատասխանեցին, որ հանցակազմի հիմքեր չկան: Սա օգտագործվում է ամիսներ շարունակ եւ օրենքի խախտմամբ, ինչո՞ւ Փաշինյանը սրան չի արձագանքում եւ որեւէ գործողություն չի ձեռնարկում»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ պետական խորհրդանիշի հետ կապված ապօրինությունների բացահայտումը այդտեղից է պետք սկսել:
Քանի որ օղին շարունակվում է վաճառվել, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ կարելի է եզրակացնել, թե վարչապետը 50% փայաբաժին ունի, քանի որ իր անունն ու պատկերն է օգտագործվում, նաեւ՝ դրոշը.«Նրա հանդեպ քրեական հետապնդում կարելի է սկսել: Եթե պարզենք, թե ով է արտադրում, հետքը կարող է չերեւալ, բայց վարչապետի պատկերով եւ պետական խորհրդանիշով օղին խոսում է չարաշահումների մասին: Իրավապահները վարչապետին են ենթարկվում»:
«Եռագույնը ոչ թե ոտքի տակ էր, այլ անկյունում դրված: Բայց վարչապետի խոսելաձեւը խոսում է այն մասին, որ նա չի տիրապետում ինքն իրեն: Հոգեբանների կողմից նրա վարքագիծը կարող է բնորոշվել որպես «տագնապային»: Զայրույթը չզսպելը եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ աշխատանքից ազատման հրամաններ արձակելը դրա մասին են խոսում: Եթե դրոշն անխնամ վիճակում էր, դա դեռ չէր նշանակում, թե վարչապետը նման վերաբերմունք պետք է ցուցաբերեր մաքսայինի աշխատակցի հանդեպ»,-ասաց փոստանջյանը՝ նշելով, որ դրոշը ոչ թե գցած էր, այլ անկյունում դրված:



