Ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը, Aysor.am-ին տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը։
Նրա ներկայացմամբ՝ նախնական տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին:
Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Նկատենք, որ այս քրեական գործը վերաբերում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին, որը մեր տեղեկություններով, նրա մորեղբոր որդին է՝ Մ. Հովհաննիսյանը։



