Ձեզ եմ ներկայացնում մի շարք գերատեսչությունների 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսված առաջարկվող միջոցների հատկացումը։ Արդարադատության նախարարությանը 2026 թվականին առաջարկվում է հատկացնել 24 մլրդ 3 մլն դրամ, որը 187 մլն դրամով ավելին է, քան նախորդ, այսինքն՝ 2025 թվականի բյուջեով նախատեսված գումարը։ Այս մասին Ազգային ժողովում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Երկրորդ գերատեսչությունը Բարձրագույն դատական խորհուրդն է, որտեղ առաջարկում ենք հատկացնել 16 մլրդ 845 մլն դրամ, որը 308 մլն դրամով ավելի քիչ է, քան 2025 թվականին նախատեսված բյուջեն։
Պետական վերահսկողության ծառայությանն առաջարկում ենք հատկացնել 168 մլն դրամով ավել կամ 1 մլրդ 102 մլն դրամ: Սա պայմանավորված է որոշ ֆունկցիաների պետական վերահսկողության ծառայություն տեղափոխման և հաստիքների ավելացման հանգամանքով:
Ազգային ժողովին առաջարկվում է հատկացնել 68 մլն դրամով ավելի քիչ կամ 7 մլրդ 4 մլն դրամ։
Հանրապետության նախագահի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել 40 մլն դրամով ավելի քիչ կամ 1 մլրդ 618 մլն դրամ։
Վարչապետի աշխատակազմին առաջարկվում է նախատեսել 1 մլրդ 520 մլն դրամով ավել կամ 25 մլրդ 804 մլն դրամ։ Սա հիմնականում պայմանավորված է մյուս տարի Հայաստանում պլանավորվող Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթաժողովի անցկացման ծախսերով, նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական ոլորտում լաբորատոր փորձարկումների համար նախատեսվող հավելյալ գումարով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկվում է հատկացնել 7 մլրդ 20 մլն դրամով ավելի, քան 2025 թվականին կամ 7 մլրդ 513 մլն դրամ: Սա պայմանավորված է մյուս տարի պլանավորվող Ազգային ժողովի հերթական ընտրությունների անցկացմամբ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին առաջարկում ենք հատկացնել 15 մլն դրամով ավելի քիչ կամ 405 մլն դրամ։
Ամենակարևոր մարմնին՝ Սահմանադրական դատարանին, առաջարկում ենք հատկացնել 41 մլն դրամով ավելին, կամ 912 մլն դրամ»,-նշել է նա։



