Վանեցյանը կխոսի, բայց հունիսի 7-ից հետո

Շաբաթներ առաջ շատերի համար անսպասելի կերպով Արթուր Վանեցյանի առաջնորդած «Հայրենիք» կուսակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու առաջիկա ընտրություններին։ Սա՝ այն դեպքում, երբ հենց այդ կուսակցությունն առաջիններից էր հայտարարել ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։

Այս շրջադարձը պատահական չէ։ Այն խոսում է ոչ միայն մեկ կուսակցության ներսում կայացված որոշման մասին, այլ՝ ընդդիմադիր դաշտում առկա խորքային ճգնաժամի։

Կուսակցության տարածած հաղորդագրության վերջաբանը փաստացի բաց տեքստով հուշում է՝ իրենց չի բավարարում ընդդիմադիր դաշտում ձևավորված իրավիճակը, սակայն այս փուլում նրանք գիտակցաբար զսպում են իրենց ասելիքը՝ չվնասելու համար ընդհանուր ընդդիմադիր ճամբարին։

Նրանք նշում են․«Միաժամանակ հայտնում ենք, որ սույն որոշման հետ կապված հարցերին անհրաժեշտության դեպքում կանդրադառնանք ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո՝ ելնելով այն պատասխանատվությունից, որ մինչև ընտրությունները որևէ կերպ չստեղծվի պայման կամ հնարավորություն, որը կարող է վնասել իրական ընդդիմադիր ուժերին»։

Այս ձևակերպումը քաղաքական լեզվով նշանակում է մեկ բան՝ ընդդիմության ներսում կա անհամաձայնություն կամ անվստահություն, որը կարող է խանգարել հաջությանը։

Խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է ընդդիմադիր ուժերի միասնական կամ առավել համակարգված մասնակցությանը սպասվող ընտրություններին։ Այս թեմայով մամուլում արդեն իսկ շրջանառվում էին տարբեր տեղեկություններ, որոնք փաստում էին՝ ներսում քննարկումներ կան, բայց համաձայնություն՝ ոչ։

Վանեցյանը, ըստ էության, իր այս քայլով ոչ թե պարզապես դուրս է գալիս ընտրական գործընթացից, այլ քաղաքական ուղերձ է հղում․ այս կոնֆիգուրացիայով  ընթացող գործընթացների մեջ խնդիր է տեսնում։

Ավելին՝ նա ակնարկում է, որ ունի իր պատկերացումները և առաջարկները, սակայն դրանք կներկայացնի միայն ընտրություններից հետո, երբ այլևս չի լինի «չվնասելու» պարտադրանքը։