Վանեցյանի պաշտպանները պետք է ապացուցեն, որ նա...

Ապրիլի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Աիդա Դավթյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը:

Նշենք, որ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջով հայցադիմում էր ներկայացրել։

Փաստաբանի խոսքով՝ ասուլիսի հաղորդագրությունը, որը ներկայացվել է, ևս մեկ անգամ հիմնավորում է այն փաստը, որ Վանեցյանը գործել է որպես պաշտոնատար անձ, իսկ քրեական գործի հարուցման վերաբերյալ այդ երկու նյութերը՝ մեկը լրատվականներում լույս տեսած հոդվածը, մյուսը՝ ԱԱԾ-ի հաղորդագրությունը, ներկայացվել են ընդամենը հիմնավորելու համար, որ որոշակի փաստի առթիվ որոշակի հանցակազմի հատկանիշներով ներկայումս հարուցված է քրեական գործ: «Ես վեճի մեջ չեմ մտնի, եթե հայցվորը պնդի, որ չեն ապացուցում այդ փաստերը, որոնք ես նշեցի: Դա, իհարկե, դատաքննության բանավեճի խնդիր է»,- ասաց նա:

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչն էլ հարց ուղղեց Գրիգորյանին: Նա ասաց, որ վերջինս նշում էր, թե պատասխանողի խոսքերն ուղղված չեն Սեդրակ Քոչարյանին, այնինչ լրագրողների հետ ճեպազրույցում Վանեցյանը հաստատել է, որ իր ասածները վերաբերում են Քոչարյանների ընտանիքին, այդ թվում նաև Սեդրակ Քոչարյանին:

Անի Ալավերդյանը նշեց, որ դատական նիստից հետո որպես ապացույց կներկայացնի Արթուր Վանեցյանի ճեպազրույցը կայացած 21.02.19 թվականին՝ կառավարության նիստից հետո, որտեղ Ա. Վանեցյանը նշում է, որ իր խոսքերը վերաբերում են նաև Սեդրակ Քոչարյանին: