Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ձերբակալ...

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ 41-ամյա Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով քիչ առաջ ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։ Այս պահին նրան պատկանող կիսակառույց տան տարածքում իրականացվում է խուզարկություն։

Ինչպես երևում է լրագրող Լիա Սարգյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից՝ խուզարկության վայրում է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։

Դեպքի վայրում է նաև այսօր պաշտոնանկ արված ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։

Փարաքարում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից հետո սեփական դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը:

Նշենք, որ Նարեկ Օհանյանն  այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Գ.  Օհանյան ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է,  սպանվել էր հենց իր ծննդյան օրը:

«Ժողովուրդ»-ն այսօր գրել էր. «Ասում են՝ մարդասպանը Վալոդյա Գրիգորյանին սպանելու համար պատահական օր չի ընտրել, այլ հարազատ եղբոր ծննդյան գիշերը:  Վալոդյա Գրիգորյանի եղբայրը սպանված Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալներից մեկն է ու գտնվում է տնային կալանքի տակ։ «Ժողովուրդ» օրաթերթը Փարաքար խոշորացված համայնքում նկատեց և նկարահանեց, որ Մերձավանում 7 ամիս առաջ սպանված ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ Գրիգոր Օհանյանի տունը իրավապահները վերահսկում են։ Հատկապես նշանակետում պետք է լինի Գրիգորի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը»։