Այսօր լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ասաց, թե տեղյակ չէ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կոչի մասին, թե ոստիկանությունը չպետք է թույլ տա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մուտք գործել Սահմանադրական դատարան, քանի որ վերջինս ՍԴ նախագահ չէ, բայց կարող է ասել, որ բոլոր տեղերում ծառայություն իրականացնող ոստիկանական ծառայողներն առաջնորդվում են տվյալ հատվածին բնորոշ առանձնահատկություններով, հրաման-հրահանգներով, իրենք գիտեն, թե ինչպես են ծառայելու:
Ինչ վերաբերում է ոստիկանության թվաքանակին, Օսիպյանն ասաց, որ ՀՀ Ոստիկանության թիվն այդքան էլ մեծ չէ, նույնիսկ եթե համեմատելու լինենք եվրոպական որոշ զարգացած երկրների հետ. «Նաև ձեզ վստահեցնեմ, որ ոստիկանությունում օպտիմալացում է տեղի ունենում, չի բացառվում, որ կրկնվող ծառայությունները միանան ու դառնան մեկ ծառայություն»:



