Հունվարի 31-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից։
«Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ կարևորեց արտակարգ և լիազոր դեսպանի այցը ՆԳ նախարարություն։ Այնուհետև ներկայացրեց ներքին գործերին նախարարության ձևավորման գործընթացը, ինչպես նաև նախարարությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը, որոնք միտված են բարեվարք, պրոֆեսիոնալ և հանրությանը ազնվիրաբար ծառայող ստորաբաժանումների կայացմանը: Վահե Ղազարյանն այդ համատեքստում ընդգծեց պարեկային ծառայության կարևորությունը՝ հավելելով, որ այս տարի նախատեսվում է ծառայության ներդրումը հանրապետության ողջ տարածքում։ ՆԳ նախարարը անդրադարձավ նաև համացանցի միջոցով կատարվող հանցագործություններին և դրանց կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ շեշտելով, որ Քրեական ոստիկանության կազմում ձևավորվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բավական արդյունավետ գործող ստորաբաժանում։ Վահե Ղազարյանը Ջոն Գալագերին շնորհակալություն հայտնելով մինչ այս ցուցաբերած բազմակողմ աջակցության համար՝ հույս հայտնեց, որ այսուհետ ևս Միացյալ Թագավորության դեսպանությունը կաջակցի ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին։ Վահե Ղազարյանը շեշտեց, որ նախարարությունը պատրաստակամ է համագործակցությունն ու փորձի փոխանակումը ավելի խորացնելու և առավել բարձր մակարդակի հասցնելու առումով։



