Վահե Հակոբյանը դատի է տվել «Քաղաքացիական պայմ...

Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դատի է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Հայցադիմումը ստացվել է մարտի 13-ին, մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին։

Վահե Հակոբյանը Արմեն Խաչատրյանից պահանջում է հերքել ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնած տվյալները, որոնք, ըստ հայցադիմումի, զրպարտություն են։ Խաչատրյանը գրառումը կատարել էր՝ անդրադառնալով դատախազության ներկայացրած ապօրինի գույքի բռնագանձման պահանջին։

Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից բռնագանձել շարժական ու անշարժ գույք գույք և շուրջ 21 մլն դոլար գումար։

«2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը․․․Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են»,- նման բովանդակությամբ գրառում էր արել Արմեն Խաչատրյանը՝ տարածելով դատախազության հաղորդագրությունը։

Վահե Հակոբյանը պահանջում է հրապարակավ հերքում և 1 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության դիմաց վնասի փոխհատուցում։